Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը բոլորովին այլ առիթով էին հավաքվել. Կարեն Դեմիրճյանի այրու` Ռիմա Դեմիրճյանի, ամուսնու կյանքն ու գործունեությունը ներկայացնող «Հիշատակ» հայերեն և ռուսերեն գրքի շնորհանդեսն էր: Իսկ թե ինչու է վերնագրված «Հիշատակ», տիկին Դեմիրճյանն այսպես բացատրեց. «Էքզյուպերին ասում է` այն, ինչ որ իմաստավորում է կյանքը, իմաստավորում է նաև մահը: Ես, կիրառելով այդ միտքը Կարեն Դեմիրճյանի նկատմամբ, ինձ թույլ տվեցի այդպես արտահայտվել` այն, ինչ որ իմաստավորում է կյանքը, իմաստավորում է նաև հիշատակը: Մարդն ինչպես ապրում է, այնպես էլ հիշվում է: Ես ուզեցի ցույց տալ այս գրքով, որ Կարեն Դեմիրճյանի հիշատակը լուսավոր ու չխամրող է»:
Իսկ արդյո՞ք հարազատ ու սիրելի մարդու մասին հուշագրության մեջ կարողացել է օբյեկտիվ լինել հեղինակը: «Գրքում կան փաստաթղթեր, որոնք անհերքելի են, օգտվել եմ նաև Դեմիրճյանի օրագրություններից, բացի այդ, փորձել եմ սերունդներին կենդանի ներկայացնել` պատմելով որոշ մանրամասներ, դեպքեր, կատակներ նրա կյանքից: Սա փաստավավերագրական գիրք է, որից ճշմարտությունը չի տուժել»,- ասում է տիկին Դեմիրճյանը:
Իսկ որոշ փաստաթղթերի ու դեպքերի մասին արդյոք դեռ վաղ չէ՞ հրապարակելը: «Այո, կան այդպիսի գրառումներ, որոնք ես հիմա չեմ հրապարակի: Կարենը գրառումներ էր անում, որպեսզի հետագայում ժամանակաշրջանի պատմությունն էլ գրի, այնպիսի մանրամասնություններ է տվել, որ կարելի է պատկերացնել, թե ինչ մթնոլորտ էր տիրում, բայց հիմա գրելու բան չի դա»:
Կամերայինի համեստ դահլիճը թեև լեփլեցուն չէր, ինչպես վայել կլիներ Կարեն Դեմիրճյանին, և նույնիսկ դատարկ աթոռներ կային, սակայն ներկա էր մեր հասարակության որակյալ հատվածը: Շատ ոգևորիչ էր ու արժանապատիվ, որ ներկաների գերակշիռ մասը գրականության, արվեստի, մշակույթի, գիտության գործիչներ էին, հանրապետությունում ճանաչված մտավորականներ: Իշխանավորներից, որոնք հոկտեմբերի 27-ին կամ ամեն պատեհ ու անպատեհ առիթով` ձև բռնած, գովեստի խոսքեր են շռայլում ազգային հերոսի հասցեին, ոչ ոք ներկա չէր: Դահլիճում էր միայն Լևոն Տեր-Պետրոսյանը` ՀԱԿ պատգամավորների ուղեկցությամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը և Արամ Կարապետյանը: Կ. Դեմիրճյանի այրին այդ իշխանավորների բացակայության առիթով նկատեց. «Նախ, մենք հատուկ չենք հրավիրել, և հետո` իրենց գործն է, դժվարանում եմ ասել»: Ցերեկույթին ներկա էր նաև Վազգեն Սարգսյանի մայրը` տիկին Գրետան, ով դեռ չէր հասցրել ընթերցել գիրքը` տեսողական խնդիրների պատճառով, սակայն ասաց, որ բուժվելուց հետո անպայման ընթերցելու է: Փոխարենը` տեսողական խնդիրը նրան չէր խանգարում հստակ «տեսնել», թե վերջին 13 տարում ինչ է կատարվում երկրում: «Մեր ժողովրդի մեջքը կոտրեցին, և մինչև հիմա այդ կռացած վիճակից չի կարողանում շտկվել: Իսկ երկիր չի մնացել, երկրի տերերին վերացրին, ես տերեր ասելով` Հրանտ Մաթևոսյանի «Տերն» եմ հիշում` Ռուսլանին. ձեռ չտվեց, աշխատանքից հանեցին, վերացրին ասպարեզից: Այ այդպես` ձեռ չտվեց, երկրի տերերին վերացրին, գլուխները կերան, երկիրն էլ բաժան-բաժան արեցին, երկի՞ր մնաց, ժողովո՞ւրդ մնաց: Ավերվեց ամեն կողմից: Տնտեսության վիճակը չի, որ ժողովրդին ստիպում է լքել երկիրը, այլ այն, որ ապագայի նկատմամբ որևէ երաշխիք չունի և չգիտի իրեն ինչ է սպասվում, իր երեխաներին ինչ է սպասվում: Անպաշտպան է, անօրինական երկիր է, ժողովուրդն էլ անարդարություն տեսնելիս չգիտի, թե ում դիմի, ինչ անի: Դա է կարևորը, որ չկա»,- դառնացած ասում էր Գրետա Սարգսյանը:










































