Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է, որ առաջադրումների հարցը մի քիչ ձգվում է, բայց մեկ շաբաթվա ընթացքում հիմնական խաղացողները կհստակեցվեն: Սպասողականությունը կապված է ՀՀԿ համագումարի հետ, որը դեկտեմբերի 15-ին է, նաև ՀՀԿ-ում, ՀՅԴ-ում և ՀԱԿ-ում գոյություն ունեցող տակտիկական խնդիրների հետ:
– Ո՞րն է այս նախագահական ընտրությունների ինտրիգը:
– Այս ընտրությունների ինտրիգը, կարծում եմ, այն է, թե ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ միասնական թեկնածու կլինի, թե չի լինի: Երեք ուժերի որոշման խնդիրը կլուծվի, թե ոչ, միասնական գործողություններ կլինեն, թե ոչ:
– ՀՀԿ-ի կողմից կարծիք է հնչել, թե Տեր-Պետրոսյանի առաջադրումն ինքնասպանության հավասար քայլ է: Ի՞նչ կարծիքի եք, Կոնգրեսը կրկին կարո՞ղ է կոնսոլիդացնել հասարակությունը, ունի՞ նման շանս:
– Ես չեմ բացառում, որ նա լուրջ հաջողություն կարող է ունենալ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջին 4-5 տարում ՀՀ բնակչության կենսամակարդակը ոչ թե բարձրացել է, այլ ճիշտ հակառակը` նվազել: Ընդհանրապես կարելի է ասել` վերացել է: Եթե հաշվի առնենք, որ տարեկան 60- 70 հազար մարդ գնում է Հայաստանից, ապա իշխանությունների վարկանիշը պետք է ոչ թե աճի, այլ նվազի: Հիշո՞ւմ եք, թե 2008 թվականին փոփոխության ինչ պահանջ կար Հայաստանում: Կարծում եմ, որ 2013 թվականին առկա պահանջն առնվազն ավելի քիչ չի կարող լինել:
– Օսկանյանի և Ծառուկյանի շանսերն ինչպիսի՞ն են: Արդյո՞ք Օսկանյանը կարող է Ծառուկյանին համարժեք թեկնածու լինել ԲՀԿ-ի և նրա կողմնակիցների համար:
– Կա իսկապես երկու թեկնածու: Օսկանյանը, որպես նախկին արտգործնախարար, բավականին հեղինակություն ունի արտասահմանում և սփյուռքի ներկայացուցիչների մոտ: Կարծում եմ` ԲՀԿ վերնախավում պլյուսներն ու մինուսները կհաշվեն և որոշում կկայացնեն: Բայց մեծ հաշվով, կարծում եմ, Ծառուկյանի շանսերն ավելի մեծ են, քանի որ և´ տեղական կառույցներում, և´ կուսակցական զանգվածը Ծառուկյանի պահանջն է զգում: ԲՀԿ ներքևի կառույցներն աշխատել են` որպես լիդեր տեսնելով Ծառուկյանին, և եթե Օսկանյանն է լինում թեկնածուն, ապա այստեղ պրոբլեմ է առաջանում շատ հասկանալի պատճառներով: Եթե կուսակցությունը լիներ Օսկանյանինը, կհասկանայինք, թե ինչու նա:
– Քոչարյանի ականջներն ո՞ւմ հետևից են ավելի երևում` Ծառուկյանի՞, թե՞ Օսկանյանի:
– Անկախ նրանից, թե Քոչարյանի հետ ինչ հարաբերություններ են, ի վերջո, ընտրությունների ժամանակ ներքին որոշումներ են կայացվում: Հայաստանում նախկին նախագահները միշտ էլ որոշակի ստվերային ազդեցություն ունեցել են ընտրական գործընթացում: Բայց հասարակության մեջ այդ ազդեցության մասին պատկերացումը խիստ ուռճացված է: Օրինակ, 2003-ին ասում էին, որ Ստեփան Դեմիրճյանի հետևում կանգնած է Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ-ի ականջներն են երևում: Ձեր ասած դեպքում էլ որոշակի կապեր կան, բայց դրանց գերակայող համարելը սխալ է: 96-ին էլ ասում էին, որ Լևոնն ու Վազգենը խաղ են խաղում: Ծառուկյանի վարկանիշն այնպիսին է, որ նա, ինչ խոսք, կարող է ինքնուրույն քաղաքական գործիչ լինել, ինչի՞ մասին է խոսքը: Պարզ է, որ նա կուզի` հրապարակային թե ստվերային ձևով, մարդկանց մաքսիմալ կոնսոլիդացնել իր կողքը: Եթե դա ստացվի, ապա ականջներ-մականջները երկրորդական խնդիր են դառնում:







































