Վրաստանի Գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գործով հետաքննության հավաքած փաստացի ապացույցները 80 հատոր են կազմել, գրում է apsny.ge-ն:
Սաակաշվիլու գործով առկա ապացույցների վերաբերյալ դատախազությունը հայտարարություն է տարածել, որում «անլուրջ» է անվանում փաստաբանների պնդումներն այն մասին, թե գերատեսչությունը ապացույցներ չունի:
Գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն՝ 2013 թ. հոկտեմբերի 25-ից սկսած՝ այս գործով հետաքննություն է ընթանում, դրա շրջանակներում մի շարք հետաքննչական գործողություններ են իրականացվել, և մինչև 100 վկաներ են հարցաքննվել: Ինչպես նշում է գերատեսչությունը՝ գործին տեսագրություններ, տարբեր փորձաքննությունների եզրակացություններ և այլ կարևոր փաստաթղթեր են կցված:
Փաստաբանների հետ ապացույցների փոխանակումը տեղի է ունեցել 2014 թ. հուլիսի 29-ին, հետևաբար, ապացույցներ չլինելու մասին հայտարարությունները, որը պաշտպանական կողմն արել է փոխանակման հաջորդ օրը, անլուրջ են և ուղղված են մոլորեցնելու հասարակությանը»,- ասվում է Գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որպես մեղադրյալ ներգրաված է քրեական գործում: Դրա հետ կապված հայտարարությունը Գլխավոր դատախազությունն արել է հուլիսի 28-ին: Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ գործը վերաբերում է 2007 թ. նոյեմբերի 7-ին Թբիլիսիի կենտրոնում ցուցարարների ցրմանն ու «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժմանը:
Առաջադրված հոդվածները 5-8 տարի ազատազրկում են նախատեսում:









































