McAfee հակավիրուսի ստեղծող Ջոն Մաքաֆին, որին օրեր առաջ իբր թե ձերբակալել էին Մեքսիկայի և Բելիզի սահմանին՝ սպանության կասկածանքով, հայտարարել է, որ կարողացել է թաքնվել իրավապահ մարմիններից, իսկ ոստիկանության ձեռքում հայտնվել է իր անունով անձնագրով մեկ ուրիշը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Բելիզի ՆԳՆ հայտարարության համաձայն՝ Մաքաֆին նոյեմբերի կեսերին հակամարտության պատճառով կրակել է իր հարևանությամբ բնակվող ամերիկացի շինարար Գրեգորի Վիանտ Ֆոլի վրա: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել Կենտրոնական Ամերիկայում թմրանյութերի ապօրինի առևտրում Մաքաֆիի ներգրավվածության մասին: Վերջին մի քանի շաբաթներին նա թաքնվում էր իշխանություններից:
«Իմ անունով հյուսիսկորեական անձնագրով «նմանակս» իսկապես ձերբակալվել է Մեքսիկայում, սակայն ազատ է արձակվել»,- իր բլոգում գրել է Մաքաֆին:
Մաքաֆին հաստատում է, որ Բելիզից թաքնվել է՝ կապված ձերբակալության իրական վտանգի հետ, սակայն մտադիր է ավելի ուշ վերադառնալ այդ երկիր:









































