Անցած շաբաթ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում երկրի նոր նախագահ Էնրիկե Պենի Նյետոյի երդման արարողության օրը տեղի ունեցած անկարգությունների մասնակիցները ոստիկանությանը հայտնել են, որ անհայտ մարդկանցից ստացել են 300 պեսո (24 դոլար) հակաիրավական գործողություններ իրականացնելու համար,- հաղորդում է Reforma գործակալությունը:
Հարցաքննության ժամանակ ձերբակալված երիտասարդները հաղորդել են, որ անհայտ մարդիկ վարձել են իրենց, որպեսզի «ավերեն իրենց ճանապարհին ամեն բան»:
Ավելի վաղ Մեխիկոյի քաղաքապետ Մարսելո Էբրադը հայտարարել էր, որ ոստիկանության հետ բախումների և ավերածությունների պատասխանատուն Մեքսիկայի մի քանի անարխիստական կազմակերպություններն են:
Հիշեցնենք, որ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում անկարգությունները տեղի էին ունեցել նոր նախագահի երդման արարողությանը օրը: Բախումների հետևանքով տուժել էր շուրջ 30 մարդ, ձերբակալվել՝ ավելի քան 100-ը: Մեխիկոյի առևտրի պալատի գնահատմամբ՝ օրինախախտների գործողությունները հասցրել են 1.1 միլիարդ պեսոյի (88 միլիոն դոլար) վնաս: Առնվազն 9 հազար ձեռնարկություններ կրել են նյութական վնաս: Բացի այդ, վնասվել է նաև Ալամադեայի կենտրոնական այգին, որի վերականգնողական աշխատանքները տևել էին շուրջ մեկ տարի և ավարտվել էին անկարգություններից մի քանի օր առաջ:









































