Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին խաղից առաջ Ժոզե Մոուրինյոն կիսվել է տպավորություններով:
«Խմբից դուրս գալը իհարկե հաջողություն է, քանի որ մենք գիտեինք, որ մեր մրցակիցները հզոր թիմեր են: Նույնիսկ կար ռիսկ, որ դուրս կմնայինք Չեմպիոնների լիգայից: Շատ ծանր գրաֆիկ ունեցանք, սակայն կարողացանք անհրաժեշտ միավորները հավաքել ու դուրս գալ հաջորդ փուլ:
Հիմա մենք արդեն մյուս փուլում ենք ու կարող ենք մեզ թույլ տալ խաղալ առանց ճնշման: Չերիշևը, Մորատան ու Խոսե Ռոդրիգեսը կարող են դուրս գալ փոխարինման, իսկ Նաչոն իր նորամուտը կնշի Չեմպիոնների լիգայում: Մենք եկել ենք հաղթելու համար, դրա համար էլ լիովին երկրորդ կազմ դաշտ դուրս չի գա, այլ կխաղան բոլոր ուժեղները, ովքեր հայտավորված են:
Ադանը, Ռոնալդուն, Նաչոն, Բենզեման, Խեդիրան ու Կոենտրաուն անպայման կխաղան: Ռամոսն ու Ալոնսոն չեն խաղա, քանի որ ունեն երկուական դեղին քարտ, ու չի կարելի ռիսկի դիմել: Արբելոան էլ որակազրկված է»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:









































