Բրյուսելում կայացել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը, որում ընդունվել է 33 կետանոց հայտարարություն: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ՀՀԿ անդամ Սամվել Ֆարմանյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է, որ Բրյուսելում Եվրամիություն–Հայաստան ևԵվրամիություն-Ադրբեջան հարաբերությունները տարբեր մակարդակում են. «Նույն այդ պատվիրակությունը, որ Եվրախորհրդարանի անունից լիազորված է մասնակցել Հայաստանի պատվիրակության հետ համատեղ նիստերին, մասնակցում է նաև Ադրբեջանի հետ նիստերին, և այդ ընթացքում որևէ փաստաթուղթ չի ընդունվել: Այսինքն, չեն կարողանում Ադրբեջանի խնդիրների շուրջ գալ ընհանուր հայտարարի»: Իսկ Հայաստանի վերաբերյալ փաստաթուղթը, նրա խոսքերով, համաձայնեցված է:
Սամվել Ֆարմանյանը գոհունակությամբ նշել է, որ հայկական պատվիրակությունն աշխատել է համախմբված. «Մենք պատվիրակության մի քանի նիստեր ենք հրավիրել և օրակարգային խնդիրների շուրջ որոշել, թե ով ինչ զեկուցմամբ հանդես գա: Ես առաջարկեցի, որ Հայաստանի ժողովրդավարության ու մարդու իրավունքների խնդրի վերաբերյալ զեկույցով հանդես գա ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը: Մենք գործել ենք անկաշկանդ մթնոլորտում: Այսինքն, ոչ թե ցույց տալ մեր ներքին անհամաձայնությունը, այլ այն, որ մեր տեսակետների անհամատեղելիությունը միայն Հայաստանում է»:
Պատվիրակությունը մինչ Բրյուսել այցը եղել է Արցախում, հանդիպել նախագահի, խորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանի և արտգործնախարարի հետ՝ ստանալով թարմ տվյալներ այն ժողովրդից, ում անունից խոսելու են։
«Շատ հստակ արձանագրվել է հետևյալը, որ Եվրամիությունը կիսում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ՄԽ համանախագահ երկրների և միջազգային հանրության այն տեսակետը, որ այլ տարբերակ, քան խաղաղ գործընթացն է, չի կարող լինել, և ընդունում է միջազգային երեք սկզբունքների գերակայությունը»,– ասել է Ֆարմանյանը: Նա կարևոր է համարել նաև փաստաթղթում ԼՂ օդանավակայանի վերաբերյալ դրույթը՝ առ այն, որ անթույլատրելի է քաղաքացիական օդանավերի խոցման վերաբերյալ հայտարարությունը, և պետք է կողմերը զերծ մնան նման դիրքորոշումից: Եվրախորհրդարանի շատ ներկայացուցիչներ եղել են Արցախում և, ըստ ՀՀԿ անդամի, պետք է ակտիվացնել աշխատանքները, որ ավելի շատ պատգամավորներ այցելեն ԼՂՀ:
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգը, Սամվել Ֆարմանյանի խոսքերով, ընդլայնվել է վերջին տարիներին և գտնվում է մի մակարդակում, որ աննախադեպ է մինչ օրս եղած հարաբերություններոմ: Քաղաքական երկխոսությունը Երևանի և Բրյուսելի միջև խորացել է, բարձրաստիճան այցելությունները՝ սովորական երևույթ են:









































