«Ես կարծում եմ` ընտրություններն իրականացան ԸՕ պահանջներին լիարժեք համապատասխան, և քաղաքացիները կարողացան իրենց կամքը լիակատար իրականացնել»,- երեկ թիվ 1 և 35 ընտրատարածքներում կայացած խորհրդարանական լրացուցիչ ընտրությունների վերաբերյալ «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքերով՝ եղել են դժգոհություններ և բողոքներ կայքերում, սակայն իրավականորեն ձևակերպված բողոքներ չեն եղել: «Գյումրիի 45 տեղամասերից միայն մեկի գրանցամատյանում է եղել գրառում, Երևանի` 3: Դրանք հանձնաժողովների կողմից քննության կարժանանան»,- ասել է ԿԸՀ նախագահը:
Թե՛ այս, թե՛ Աժ մայիսի 6-ի, թե՛ սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում լուրջ բողոքներ էին ստացվում թանաքի` նախատեսվածից շուտ օքսիդացման կապակցությամբ: «Օրենսդրությունը թանաքանյութը ներմուծել է որպես կրկնակի քվեարկության դեմն առնելու միջոց: Բացի այդ, Ընտրական օրենսգրքում կան այլ գործիքներ ևս, որոնք կրկնակի քվեարկության դեմ են»,- ասել է Տիգրան Մուկուչյանը և հավելել. «Երեկ ես Երևանի 20 տեղամասեր եմ այցելել, բոլորում կային վստահված անձինք, զրուցել եմ նրանց հետ: Այն հարցին, թե կա՞ն խոչընդոտներ ձեր իրավունքի իրականացման ուղղությամբ, պատասխանը եղել է բացասական: Պարզվեց որ այդ անձինք լիարժեք հսկում են ողջ գործընթացը: Նաև բացասական է եղել կրկնակի քվեարկության առկայության վերաբերյալ պատասխանը: Ընտրության արդյունքը պետք է դիտարկել այս ամբողջի համադրության մեջ»:
Ինչ վերաբերում է մարդկանց սովորական և երթուղային տաքսիներով տեղամաս բերելուն, ապա, ըստ ԿԸՀ նախագահի, կա երկու տարբերակ. առաջինն այն է, երբ հարևանները հարևանի երթուղային տաքսիով գալիս են քվեարկության: Երկրորդ տարբերակին, երբ հատուկ տաքսիներ են հատկացվել այդ նպատակով, Մուկուչյանը չի հանդիպել: Իսկ ընտրատեղամասերի մոտ հանդիպած տաքսիների վարորդներն էլ ասել են, որ իրենց սովորական աշխատանքն են իրականացնում` պատվերով:
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքում «Ժառանգության», ՀԱԿ-ի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկներին, ապա, ըստ Մուկուչյանի, ամեն անգամ ընտրությունների նորովի մոտեցում է պահանջվում, նրանց առաջարկներում էլ կան անընդունելի դրույթներ, օրինակ, երբ «Ժառանգությունն» առաջարկում է, որ արտերկրում ապրող քաղաքացիները կարողանան մասնակցել ընտրությանը: Ամեն դեպքում, ըստ Մուկուչյանի, ընտրությունների նախաշեմին արմատական փոփոխությունները նպատակահարմար չեն՝ անգամ ամենամեծ արագության պայմաններում:
ԿԸՀ նախագահը նշել է, որ ԸՕ սահմանած վերջնաժամկետների պահպանմամբ կհրապարակվի նախագահի ընտրության օրը:
Այսինքն, օրը կհրապարակվի եկող շաբաթ:






































