ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր եվրոպական շրջագայություն է սկսում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը և հավելում, որ այդ շրջագայությունը՝ թվով 38-րդը, կարող է եզրափակիչ լինել ներկայիս պետքարտուղարի համար:
Համաձայն շրջագայության ծրագրի՝ դեկտեմբերի 3-7-ը Քլինթոնն այց կկատարի Չեխիա, Բելգիա, Իռլանդիա և Հյուսիսային Իռլանդիա:
Ինչպես ավելի վաղ Քլինթոնն անձամբ հայտարարել էր՝ Պրահայում նա պատարստվում է քննարկել իրենց ջանքերը՝ ուղղված Չեխիայի էներգետիկ անվտանգությանը, ինչպես նաև ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության խթանմանը:
Այնուհետև Քլինթոնը կուղևորվի Բրյուսել, որտեղ երեքշաբթի և չորեքշաբթի տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որում, համաձայն ԱՄՆ պետդեպի մամլո ծառայության հայտարարության, ծրագրվում է քննարկել Արևմտյան Բալկաններում անվտնագության առկա մարտահրավերները և ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերության վիճակը:
Բրյուսելում Քլինթոնը կհամանախագահի ԱՄՆ-ԵՄ Էներգետիկ խորհրդի 4-րդ նիստը: Օրակարգում էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության խորացման հարցն է:
Դեկտեմբերի 6-7-ը Իռլանդիայի մայրաքաղաքում կանցկացվի ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների 19-րդ հանդիպումը: Ինչպես սպասվում է՝ մասնակիցները կքննարկեն Եվրասիայում համընդհանուր անվտանգության խթանմանն ուղղված ԵԱՀԿ հնարավորությունների ամրապնդման հարցը՝ ասված է ԱՄՆ պետդեպի հայտարարությունում: Դուբլինում Քլինթոնը հանդիպումներ կանցկացնի ԵԱՀԿ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ», Իռալանդիայի պաշտոնատար անձանց հետ և ելույթով հանդես կգա՝ համաշխարհային մասշաբով մարդու իրավունքների աջակցման հարցում ԱՄՆ ձեռքբերումների մասին:
Պետքարտուղարի այցը կավարտվի Բելֆաստում: Այնտեղ մի շարք այցեր են ծրագրված տեղի առաջնորդների հետ, որոնք ընթացքում Քլինթոնը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի նվիրավծությունը խաղաղ և բարգավաճող Հյուսիսային Իռլանդիային:







































