Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի ավարտին՝ ներկայացած տուժողների հարցաքննությունից հետո, դատարանն անցավ նոր, հետաքրքիր փուլի՝ հայտարարությունների: Հայտարարությունները հիմնականում քաղաքական բնույթի են, յուրաքանչյուր հայտարարությունից հետո հնչում են ծափահարություններ: Կարելի է ասել՝ «հայտարարությունների ժամ» փուլ է թևակոխում դատարանը յուրաքանչյուր դատական նիստի ավարտին:
Այսինքն, կարծես դատարանն էլ այս հայտարարությունների ունկնդրումը ընթացքի մեջ թողնելով՝ համաձայնում է, որ սա քաղաքական, ոչ թե պարզապես խուլիգանության ու իշխանության ներկայացուցիչներին դիմադրելու գործի դատավարություն է:
Առաջինը հայտարարություն կատարեց Շանթ Հարությունյանը: Նա հայտարարեց. «Շատերն են խոսում այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ դաշնակցի պես չի պահում իրեն: Միևնույն ժամանակ ասում են, թե Հայաստանը, բացի Ռուսաստանից, այլընտրանք չունի…
Միայն նյութապաշտ ու վախկոտ հասարակությունն է ելք փնտրում նյութական միջոցների մեջ… Նավթ ու գազ ունեցողները ներկայումս աղետի մեջ են հենց նավթ ու գազ ունենալու համար…
Պետությունները միշտ էլ այլընտրանք ունենում են, խելք չեն ունենում, չեն կարողանում կառավարել երկիրը, բայց ասում են, թե այլընտրանք չկա…
Պետությունները ստեղծում են անձնազոհ, ռոմանտիկ, արկածախնդիր անհատները՝ իրենց հերոսական ոգու շնորհիվ: Նյութապաշտ ժողովուրդները վախկոտ են լինում…
Բոլոր նրանք, ովքեր ընդունում են, թե Ռուսաստանը ոտնահարում է Հայաստանի շահերը, բայց Հայաստանն այլընտրանք չունի, վաղն էլ ասելու են, թե այլընտրանք չկա Թուրքիային ու Ադրբեջանին…
Քաղաքական առևտրականները սովոր են վաճառել ամեն բան…»:
Հաջորդ հայտարարությունը նակին զինծառայող, սպա Վարդան Վարդանյանն արեց:
Նա ասաց, թե փորձելու է այնպես խոսել, որ խուլիգանի տպավորություն չգործի:
Բայց Վարդանյանի հայտարարությունը ևս խուլիգանություն հանցակազմին չէր վերաբերում: Նա հայտարարեց. «Իրականում մեզ չեն դատում, այլ այստեղ դատվում է հայ ժողովուրդը, այդ ժողովրդի ըմբոստ ոգին կամ այդ ըմբոստ ոգու փշրանքները…
Սա վերջին ակտիվ մասսան է, որ պայքարում է իր իրավունքների համար… Իշխանությունները փորձում են վարկաբեկել մեզ ու մեկուսացնել: Ոստիկանը եկել, դատարանում ցուցմունք է տալիս ճղած ջինսով՝ ռոք երգչի նման… Այստեղ գործում է այն օրենքը, որ արդարադատությունը ոչ թե արդար դատելն է, այլ արդարությանը դատելը: Այս ոստիկանները նման տեսքով, նման ձևով ցուցմունքներ տալով՝ ոստիկաններին են խայտառակում…
Նրանք, ովքեր հրահանգավորել են ոստիկաններին մեր դեմ, թող հրահանգավորեին նաև, թե ինչպես պիտի գան դատարան ու ցուցմունք տան..
Ոստիկանների աչքերը մռմռացել են դեպքի ժամանակ, նրանք տուժող են ճանաչվել, իմ աչքերն էլ են մռմռացել, բայց ես տուժող չեմ ճանաչվել…
Ես վնասվածք ունեի, ինձ ոտի վրա վիրահատեցին ու տարան կամեռ, իսկ ոստիկանի մեջքին մի հատ խփել են, տարել են հիվանդանոց…
Կուզեի դիմել պաշտպանության նախարարին. երկու բարձրաստիճան սպա մասնակցել են այս գործողություններին: Մի՞թե նրան հետաքրքիր չէ, թե ինչու… Թող գան, ես կբացատրեմ…
Երբ մարդիկ ոտքի են կանգնում, ուզում են տեր լինել իրենց երկրին,բռնում-բերում են այստեղ…
Արժանապատվություն ունեցող մարդիկ, չկարողանալով պայքարել անօրինությունների դեմ, թողնում-հեռանում են երկրից: Էսքան մարդ արտագաղթել է, ո՞վ պիտի պատասխան տա…»:
Մյուս ամբաստանյալները ևս հանդես եկան երկրի ներքին ու արտաքին վիճակի մասին իրենց հայտարարություններով:
Յուրաքանչյուր հայտարարություն ավարտվեց ծափահարություններով: Դատական նիստի ավարտն ու ամբաստանյալների դուրսբերումը ևս ուղեկցվեցին ծափահարություններով:
Լուսանկարը` PAN Photo-ի











































