«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ վարորդները հուլիսի 26-ից կկարողանան մի փոքր շնչել. վարչական իրավախախտումների մասին օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնցով փոփոխվել են արագաչափերի, տեսանկարահանող սարքերի արձանագրած տուգանքների չափերը՝ դրանք չեն եռապատկվելու և հնգապատկվելու, այլ 25 և 50 տոկոսի չափով են ավելանալու:
«Նոր օրենքով՝ 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու դեպքում կսահմանվի տուգանք՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար 1000 դրամի չափով, իսկ նախկինում մինչև 10 կմ/ժամ արագությունը գերազանցելու համար, անկախ նրանից՝ մեկ, երկու, թե յոթ կիլոմետր է գերազանցվել, տուգանքը նույնն էր»,- ասաց նա:
Սակայն Հովհաննիսյանը կատարված փոփոխությունները չի համարում լիարժեք. «Խնդիր է մնում այն, որ պատշաճ ծանուցում չի լինում և Սահմանադրությանը հակասում է այն, որ վարչական մարմնից գործը գնում է ոչ թե դատարան, այլ ԴԱՀԿ, որտեղ ծանուցման հետ կապված խնդիրներ ևս առաջանում են: Սա առաջնահերթ հարց է, որ պետք է ընդուներ Ազգային ժողովը. պետք է գործը նախ գնա դատարան, հետո նոր՝ ԴԱՀԿ»,- ասաց Հովհաննիսյանը:







































