Ինչպես «Հայկական ժամանակ»-ը տեղեկացրել էր, ըստ լավատեղյակ աղբյուրների, առաջիկա օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ պատվիրակության հետ մեկնելու է Բրյուսել: Երեկ «ՀԺ» թղթակիցը Ծառուկյանի խոսնակից՝ Իվետա Տոնոյանից փորձել է ճշտել, թե որ օրերին է նախատեսված այցը, ովքեր են պատվիրակության կազմում, ինչ հանդիպումներ են սպասվում Բրյուսելում, և ինչ հարցեր են քննարկվելու:
«Այս պահի դրությամբ ԲՀԿ-ում քննարկումներ են ընթանում Բրյուսել կայանալիք այցի վերաբերյալ՝ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների մասնակցությամբ: Այդ մասին համապատասխան հաղորդագրությամբ ԲՀԿ լրատվական ծառայությունը հանդես կգա երկուշաբթի օրը»,- ասել է Իվետա Տոնոյանը:
Հարցին` այսինքն, հնարավոր է քննարկումների արդյունքում որոշվի, որ բրյուսելյան այցը չի՞ կայանալու, հստակ և սպառիչ պատասխան չի տիվել: Ի դեպ, երեկ կայքերից մեկում տեղեկություն հայտնվեց, թե երեկ պետք է տեղի ունենար Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը: «ՀԺ» թղթակցի հարցին` որքանո՞վ է հիմնավոր սույն լուրը, Ծառուկյանի խոսնակը պատասխանել է. «Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նման հանդիպում ոչ այսօր, ոչ վաղը չի կարող կայանալ այն պարզ պատճառով, որ Գագիկ Ծառուկյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնել է արտերկիր»: Խոսնակն այդպես էլ չի մանրամասնել, թե որ երկիր է մեկնել իրենց առաջնորդը, նշել է միայն, որ խոսքը մի շարք երկրների մասին է` և´ եվրոպական, և´ ԱՊՀ: ԲՀԿ առաջնորդը, ըստ նրա խոսնակի, Հայաստան կվերադառնա մեկ կամ երկու օրից: Հիշեցնենք, որ Ծառուկյանն ընդամենը մեկ-երկու օր առաջ էր վերադարձել Հայաստան` արտերկրում իր ծննդյան օրը նշելուց հետո: Այսինքն եկել է, նորից գնացել, մեկ-երկու օրից նորից կգա ու նորից կգնա: Շատ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ է:








































