Երեկ մի շարք ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ նոյեմբերի 27-ին «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ միջադեպ է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եղբայր` Սաշիկ Սարգսյանի որդու և գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր միջև: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ըստ հրապարակումների, մեքենայի կայանման հետ կապված վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի շրջապատի մարդիկ հրազեն են կիրառել և ոտքից վիրավորել Խաչատուր Սուքիասյանի եղբորը` Էդուարդ Սուքիասյանին, ինչպես նաև Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ` հանգուցյալ Սուրեն Սիրունյանի եղբորը (գլխի հատվածում): Նույն հրապարակումների համաձայն, Սերժ Սարգսյանի եղբորորդու վարքն այնքան ագրեսիվ ու ոչ ադեկվատ է եղել, որ տպավորություն է ստեղծվել, թե նա թմրանյութերի ազդեցության տակ է:
Երեկ, երբ «ՀԺ» թղթակիցը ոստիկանության լրատվական ծառայությունից փորձել է ճշտել` արդյո՞ք գործին ընթացք տրվել է, նրան պատասխանել են. «Մենք որևէ անձից դիմում չենք ստացել, դիմում չենք ստացել նաև որևէ բուծհաստատությունից»: Լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ոստիկանությունը, փաստորեն, հետաքննություն չի սկսել:












































