Երեկ թիվ 1 ԸԸՀ-ում քննարկվում էր թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանի դիմումը, որով նա պահանջել էր դատական կարգով վիճարկել մյուս թեկնածուի գրանցումը: Երեկ ԸԸՀ-ն հրաժարվեց դիմել դատարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ստեփան Սաֆարյանը:
Նա նշեց, որ իր դիմումի համար հիմք էր ծառայում այն, որ հանրապետական թեկնածու Ռոբերտ Սարգսյանը նոյեմբերի 23-ի դրությամբ ներկայացրել էր նախընտրական հիմնադրամի մուտքերի ելքերի հայտարարագիր՝ գնահատված ծախսը 2 մլն 700 հազար դրամ է:
«Մենք թեպետ չունեինք ԸՕ-ի խախտումները ապացուցող բազա ներկայացնելու պարտավորություն, սակայն ներկայացրել էինք, որ նա ընտրական շտաբներ ունի այն շենքերում, որտեղ ԸԸՀ-ներ են տեղակայված, ինչի իրավունքը չկա, որ բոլոր բազմաբնակարան շենքերի շքամուտքերում, վերելակներում պարզապես նախընտրական քարոզչություն է իրականացվում, և փակցված են հանրապետական թեկնածուի նկարները: Կատարվում է օրենքից դուրս քարոզչություն, ծախսվում են միջոցներ, որոնք էապես կազդեն ընտրությունների արդյունքների վրա»,- ներկայացրեց Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով` ներկայացված բոլոր փաստերին ԸԸՀ-ի ներկայացուցիչները ծիծաղելի պատասխաններ են տվել:
Ստեփան Սաֆարյանն իր շնորհակալությունը հայտնեց «Հանրապետություն» և Հայաստանի ժողովրդական կուսակցություններին, որոնք իրենց ընտրողներին կոչ են արել քվեարկել իր օգտին:
«Շնորհակալ եմ, որ այդ կուսակցություններն, այնուամենայնիվ, գնահատել եմ իմ անձն ու իմ ներկայության կարևորությունը խորհրդարանում»,- նշեց Ստեփան Սաֆարյանը՝ իր ընտրողներին կոչ անելով մասնակցել ընտրություններին և չթերագնահատել այս ընտրությունների կարևորությունը:
«Մտահոգում է ընտրացուցակների խնդիրը` դրանցում ընդգրկված բնակչության երեսուն տոկոսը պակասում է: Մտավախություն ունենք, որ բացակա ընտրողների փոխարեն քվեարկություն կկազմակերպվի: Դա է պատճառը, որ փորձում ենք ճշտել, որպեսզի դա չկատարվի: Ունենք բազմաթիվ ահազանգեր, տեղեկություններ: Այն մարդիկ, որոնց մյուս թեկնածուն առաջարկել է ընտրակաշառք, եկել են մեր շտաբ և տեղյակ են պահել»,- իր մտահոգությունները ներկայացրեց Ստեփան Սաֆարյանը:







































