Այսօր ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանը հրապարակել է Հայկանուշ Միքայելյանի գործով դատավճիռը, որով որոշեց Հայկանուշ Միքայելյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքներում` նրան դատապարտելով 4 տարի ժամկետով ազատազրկման:
Դատարանը միաժամանակ որոշեց կիրառել համաներում և նշանակված պատժի չափը 1/3 –ով կրճատել, իսկ այնուհետև հանել ամբաստանյալի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը: Նա բանտում կանցկացնի 1 տարի 2 ամիս:
Տուժող Մարիամ Գևորգյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցն ամբողջությամբ դատարանը թողել է առանց քննության և չի բավարարել: Կարելի է արձանագրել, որ դատավորի կողմից կայացված դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին որոշումն ի սկզբանե ուներ միայն մեկ և հիմնական նպատակ` դատարանի համար հնարավորություն ստեղծել հասարակական հսկողությունից դուրս գործել` ի օգուտ ամբաստանյալի:
Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:







































