Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայում տեղի է ունենալու Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստ: Դրան մասնակցելու են 12 գեներալներ ու ծովակալներ, իսկ YAŞ-ի անդամներ Բիլգին Բալանլըն և Նուսրեթ Թաշդելերը կալանքի տակ գտնվելու պատճառով չեն կարող մասնակցել այդ նիստին: YAŞ-ի նիստը նախագահելու է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Նիստին մասնակցելու են նաև գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հայրի Քըվրըքօղլուն, ռազմածովային ուժերի հրամանատար, բանակային ծովակալ (հատուկ կոչում թուրքական նավատորմում) Մուրադ Բիլգելը, ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մեհմեթ Էրթենը, ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Բեքիր Քալյոնջուն:
YAŞ-ի նիստում քննարկվելու է երկու հիմնական հարց: Դրանցից մեկը սիրիական զարգացումների պատճառով այդ երկրի հետ Թուրքիայի սահմանին Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայման հարցն է: Իսկ երկրորդ կարևոր հարցն առնչվում է սեփական ավիակրի կառուցմանը, որը մտնում է Թուրքիայի՝ առաջիկա 10 տարիների ռազմավարական առաջնահերթությունների թվում:
Թուրքական լրատվամիջոցի պնդմամբ՝ ներկայիս դրությամբ, աշխարհում ավիակիր ունեն միայն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Իսպանիան, Բրազիլիան, Իտալիան, Չինաստանը և Թաիլանդը: YAŞ-ի նիստում քննարկվելու է նաև պատերազմին Թուրքիայի զինված ուժերի պատրաստ լինելու հարցը և մի շարք տարածաշրջանային հարցեր:











































