Առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ` ընտրություններին թեկնածուների դասավորվածությունը ճիշտ ներկայացնելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ովքեր են առաջադրվելու. այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա՝ այսօր ամենակարևոր հարցը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որոշումն է, որը կարող է փոխել թեկնածուների հնարավոր ձայների բաշխվածությունը: Նրա խոսքով՝ շատ կարևոր հանգամանք է նաև այն, թե ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի, թե ոչ:
«Եթե առաջադրվեն և Գագիկ Ծառուկյանը, և Լևոն Տեր-Պետրոսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը հնարավոր է` ձայներ տանի Գագիկ Ծառուկյանից, քանի որ նա ընդդիմության կարկառուն ներկայացուցիչ է: Եթե ոչ, այս ձայները մասամբ կանցնեն Ծառուկյանին, մասամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին լուրջ թեկնածու է: Ընդհանուր պատկերը ներկայացնելու համար պետք է սպասենք Ծառուկյանի որոշմանը»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:
Վերջինիս կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանն ունի 30%, հնարավոր է ևս 15% ստանա, եթե ընդդիմությունը ոչ մի թեկնածու չունենա: Սոցիոլոգի հավաստիացմամբ՝ եթե առաջադրվի Գագիկ Ծառուկյանը, նրան աջակցելու դեպքում հնարավոր է, որ նա ստանա 45% ձայն:







































