Մի քանի օր է`մամուլը հեղեղված է ՀՀ նախագահի եղբոր` Սաշիկ Սարգսյանի որդու արկածներով: Դեռ ամիսներ առաջ նա հայտնվեց մամուլի էջերում` իր սիրած աղջկան նվիրած ահռելի ծաղկեփնջի առիթով: «Հրապարակ»-ը գրում է, որ Հյուսիսային պողոտայում մի քանի ժամ տեղադրված այդ հսկայական ծաղկեփունջը, որը մի քանի հազար դոլար արժեր, թերևս ուղղված էր հայ տղամարդկանց մեջ թերարժեքության բարդույթ սերմանելուն և իրենց հարստությունն ի ցույց դնելուն: Բայց եթե դա ընդամենը անմեղ բան կարելի է համարել, ապա վերջին օրերի դեպքերն արդեն կրիմինալի շարքից են: Երբ նախագահի եղբոր որդին իր թիկնապահների հետ հարձակվում է իր ավտոմեքենայի դեմը փակած մեքենայի տիրոջ վրա և հայհոյանքներից ու ծեծկռտուքից հետո անգամ զենք է հանում, դա արդեն անմեղ բան չէ: Իսկ դեպքը տեղի է ունեցել «Բելաջիո» ռեստորանի դիմաց, կեսգիշերին մոտ, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ: Ռեստորանից դուրս եկող ռուս հյուրերն ապշած են մնացել այն տեսարանից, որին ակամայից ականատես են եղել: Մեծն Նարեկ Սարգսյանի` Սաշիկ Սարգսյանի որդու մեքենայի դեմը փակած մեքենան էլ, պարզվել է, որ Սուքիասյանների միջնեկ եղբորն է պատկանում` Էդիկ Սուքիասյանին:
Թերթի տեղեկություններով, բախումն այնքան լուրջ է եղել, որ այն չի կարող հետևանքներ չունենալ: Ճիշտ է` հաջորդ օրը վթարի ենթարկված Ն. Սարգսյանին տեղավորել են հիվանդանոցում, և դեպքն էլ ոստիկանությունում չի գրանցվել, բայց դա, թերևս, ավելի վտանգավոր է: Այս ընտանիքների միջև պարզապես կարող է պատերազմ սկսվել: Ոչ Սուքիասյաններն են նման վիրավորանք կուլ տվողը, ոչ Սարգսյաններն են կատարվածը հարթողը: Թեև, թերթի տեղեկություններով, ինչ-որ փորձեր արվել են: Եվ մի բան էլ. Սուքիասյանների ընտանիքը որոշակի շրջանակներում բավականին բարձր հեղինակություն ունի, և այս օրերին շատ օլիգարխներ, հեղինակավոր մարդիկ ու պարզապես քաղաքացիներ զայրացած են կատարվածից: Նրանցից ոմանք կապվում են Սուքիասյանների մերձավորների հետ և առաջարկում վրեժ լուծել: Կատարվածը, հատկապես նախագահական ընտրությունների շեմին, կարող է մեծ վնաս պատճառել նաև Սերժ Սարգսյանին: Այնպես որ, այս միջադեպը դեռ շատ ջուր կտանի:







































