ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը երեկ չափազանց լուրջ է պատասխանել «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին` Գյումրիում 22 տարի առաջ «Մոսկվիչ 2140» ավտոմեքենայի վրայից լուսարձակների, «դվոռնիկների» ու դիմապակու գողության բացահայտման մասին: Թղթակիցը հարցրել է` արդյո՞ք այդ «դվոռնիկների» գողության քրեական գործի վրա դատախազական վերահսկողություն իրականացվել է: «Տեղյակ չեմ: Ասեմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետությունում մեկ տարվա ընթացքում կատարվում է շուրջ 9 հազար հանցագործություն, և դատախազության կենտրոնական ապարատում այդ 9 հազար հանցագործությունների մասին չեն կարող իմանալ»,- ասել է Արամ Թամազյանը:
Առնվազն տարօրինակ է, ՀՀ գլխավոր դատախազը և նրա տեղակալները պետք է որ տեղեկացված լինեին դարի հանցագործության բացահայտման մասին: Հայաստանում ամեն օր չէ, որ ոստիկանությունն օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում 22 տարի առաջ գողացված «դվոռնիկների» գողի է հայտնաբերում և դրա մասին սենսացիոն տեղեկատվություն տեղադրում իր պաշտոնական կայքում, ինչը տեղի ունեցավ նախօրեին: Սա լուրջ, շատ լուրջ թերացում է:









































