«Խմբագրություն եկած քաղաքացին համառորեն խնդրում էր իրեն տրամադրել մեր թերթի անցած տարվա համարներից մեկը: Չկա, այ ընկեր` նետ, ասում էինք նրան, բայց նա էլի իրենն էր պնդում` շատ եմ խնդրում: Վերջապես միտքս պայծառացավ` չլինի՞ ուզում եք երկրից գնալ և քաղաքական ապաստան ստանալու համար հիմքեր եք հավաքում: Ճիշտ նշանակետին էի խփել: Մերժումս ավելի հիմնավոր դարձավ, բայց փորձեցի հասկանալ, թե ինչու է գնում: Պարզվեց` երկու զավակների հայր է, մի հիմնարկում գլխավոր հաշվապահ է աշխատում, 150 հազար դրամ փող է ստանում, բայց ոչ մի բանի չի հերիքում»,- գրում է «Հրապարակ»-ը խմբագրականում և շարունակում.
««Զզվել եմ պայքարելուց, ուզում եմ գնալ, որ նորմալ ապրենք, որ երեխաներս լավ ուսում ստանան, որ արդարություն լինի, որ…որ…որ»: Ասում էր` 2007-ին հույս արթնացավ մեջս, որ մի բան կփոխվի Շարժման մեջ եմ եղել: Բոլոր միտինգներին մասնակցել եմ: Մտածում էի` իշխանություն կփոխվի, ամեն ինչ դեպի լավը կգնա: Հիմա հույս չունեմ: Ու ճակատային հարց էր տալիս` դուք հավատո՞ւմ եք, որ այս երկրում բան է փոխվելու, որ մի օր լավ ենք ապրելու, որ մեզ չեն ճնշելու ու կեղեքելու:
Մարդը կորցրել է հավատը` ի՞նչ ասես: Եվ չկա մի լավ բան, որ մատնացույց անես, մխիթարես, հույս ներշնչես: Սերժ Սարգսյանի իշխանավարման հինգ տարիների ընթացքում վատից բացի ի՞նչ լավ բան են տեսել մարդիկ: Եթե մի լավ բան էլ կա, ապա ոչ մի կապ չունի ոչ երկրի նախագահի, ոչ իշխանական կուսակցության, ոչ կառավարության հետ: Եվ երկիրը փակուղի մտցրած, տնտեսական անկում, հոգեբանական ճգնաժամ ու արտագաղթ առաջացրած իշխանությունը ոչ միայն չի պատժվում, այլև օր օրի ավելի է հիմնավորվում ու արմատակալում: Եթե ընտրությունների ճանապարհով փոփոխությունների հեռանկարը մարում է, զինված հեղաշրջում անելու կամք չկա, մնում է երթալը»:







































