Նոյեմբերի 29-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ պատգամավորները քննարկել են 2006 թվականի մարտի 28-ին ստորագրված «Ապրանքային նշանների իրավունքի վերաբերյալ» Սինգապուրի պայմանագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել է, որ պայմանագրի նպատակն է ստեղծել ապրանքային նշանների գրանցման վարչական գործընթացները ներդաշնակեցնելու ժամանակակից և ճկուն միջազգային համակարգ: Ըստ հիմնական զեկուցողի՝ 2012թ. հունիսի 21-ի դրությամբ պայմանագիրը ստորագրել է 55 պետություն, ուժի մեջ է մտել 26 պետության համար:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է նաև 1965 թվականի հուլիսի 8-ին Նյու Յորքում ստորագրված «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» կոնվենցիան, որով նախատեսվում է դեպի ծով ելք չունեցող երկրներին տրամադրել պատշաճ տարանցիկ առևտրի հնարավորություն՝ միջազգային իրավունքի նորմերին համաձայն: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ կոնվենցիայով սահմանվում է, որ տարանցվող ապրանքների նկատմամբ չպետք է կիրառվի որևէ մաքսատուրք, և տարանցման փոխադրամիջոցների համար չպետք է գանձվեն հատուկ հարկեր կամ տուրքեր, որոնք գերազանցում են տարանցման պետության փոխադրամիջոցներից գանձվող հարկերի և տուրքերի չափը:
Պատգամավորները քննարկել են 2000 թվականի հունիսի 1-ին ստորագրված «Արտոնագրային իրավունքի մասին» պայմանագիրը, որի նպատակն է ներդաշնակեցնել և արդիականացնել ազգային և տարածաշրջանային արտոնագրերի հայտերի և արտոնագրերի վերաբերյալ նախնական փորձաքննության ընթացակարգը՝ դրանով այդ գործընթացները դարձնելով օգտագործման համար ավելի հարմար: Հիմնական զեկուցող Գարեգին Մելքոնյանն ասել է, որ պայմանագրին անդամակցությունը չի ենթադրում փոփոխություններ ՀՀ օրենքներում:
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը ներկայացրել է 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» պայմանագիրը (կից վերապահումով), որի վավերացումը հնարավորություն կընձեռի կողմերին անձանց միջպետական հետախուզման ոլորտում ստեղծել համագործակցության արդյունավետ մեխանիզմներ:
Հունան Պողոսյանը ներկայացրել է նաև 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգի մասին» համաձայնագիրը (կից վերապահումով և առարկությամբ): Ըստ հիմնական զեկուցողի՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառությունը և դրանց չարաշահումը լուրջ վտանգ են ԱՊՀ մասնակից պետությունների ազգային անվտանգությանը, ժողովրդի առողջությանը և բարեկեցությանը, ուստի համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա սահմանելու նշված նյութերի նմուշների հանձնման կարգը՝ նպաստելով դրանց անօրինական շրջանառության դեմ արդյունավետ հակազդեցության գործում կողմերի տեղեկատվական համագործակցության ամրապնդմանը:
2011 թվականի դեկտեմբերի 23-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը: Նա տեղեկացրել է, որ արձանագրության նպատակն է հստակեցնել Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության հետ կապված հարցերը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել 2012 թվականի հուլիսի 9-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ծրագրի նպատակն է հարկային վարչարարությունը բարեփոխելու և արդիականացնելու միջոցով կրճատել հարկերից խուսափումը, բարձրացնել հարկային պարտավորությունների կամավոր կատարումը և վարչական արդյունավետությունը:
Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:








































