News Georgia-ի փոխանցմամբ՝ Կովկասի հարցերով վրացի փորձագետ, «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Մամուկա Արեշիձեն հայտարարել է, որ Վրաստանի նոր ղեկավարությունը, հին ղեկավարության նման, չի աջակցում վրացական տարածքներ Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսեթիայի անկախության ճանաչմանը:
Սրանից առաջ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսություն սկսել Վրաստանի նոր ղեկավարության հետ, սակայն հաշվի առնելով գոյություն ունեցող աշխարհաքաղաքական իրողությունները և մասնավորապես Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ճանաչումը:
Այս կապակցությամբ Արեշիձեն հայտարարել է. «Վրաստանի ո՛չ հին, ո՛չ էլ նոր իշխանությունները չեն հանդիսանում այդպիսի ճանաչման համակիրներ: Ելնելով դրանից՝ մենք ստիպված ենք այլ ուղիներ փնտրել, թե ինչպիսին կլինի երկխոսության ձևաչափը: Սակայն այն, որ անհրաժեշտ է երկխոսության կայացում, ես ասել եմ նաև նախկին իշխանությունների ժամանակ և մշտապես շեշտել եմ, որ այդ երկխոսությունը պետք է տարվի՝ ելնելով Վրաստանի շահերից:
Երկխոսության սկսումը բարդ է, սակայն անհրաժեշտ է, քանի որ Աբխազիայում ու այսպես կոչված Հարավային Օսեթիայում գտնվող բազաները Դամոկլյան սրի պես կախված են վրաց պետականության վրա: Վրաստանի ներկայիս իշխանությունների բոլոր ներկայացուցիչները՝ սկսած վարչապետից, արտգործնախարարից և մյուսներից, հայտարարում են, որ Վրաստանի տարածքն օկուպացված է ժամանակավորապես և պետք է լուրջ քայլեր ձեռնարկել դրանց վերադարձման համար»:
Հիշեցնենք, որ Մամուկա Արեշիձեն նախկին իշխանությունների ժամանակ հայտարարել էր, որ Վրաստանը պետք է ճանաչի Աբխազիայի անկախությունը՝ Վրաստանի համար կարևորելով աբխազներին և ոչ թե Աբխազիան վերադարձնելը:










































