Մեծ Բրիտանիայի ոստիկանությունում հնարամիտ միջոց են գտել` պատժելու այն խուլիգաններին, ովքեր անպարկեշտ ժեստ են ցույց տալիս հսկիչ-տեսախցիկին: Ոստիկանները YouTube-ում տեղադրել են տեսանյութ, որում երիտասարդն այնքան տարված է եղել իր հանդուգն արարքով, որ բախվել է սյանը:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել անգլիական Դադլի քաղաքում:
Տեսանյութում երևում են երկու երիտասարդ տղաներ: Նրանցից մեկն անցնում է` նայելով տեսախցիկին, սակայն ուշադրություն չի դարձնում դրա վրա: Մյուս երիտասարդը նկատում է, որ տեսախցիկը հետևում է իրեն: Նա որոշում է պատասխանել դիտորդներին և ցուցադրում է միջնամատը: Սակայն «բողոքի ակցիան» անսպասելի ավարտ է ունենում հենց խուլիգանի համար. նա բախվում է սյանը:
Չնայած ոստիկանությունը հաճախ ձերբակալում է չարագործներին` նրանց տեսնելով տեսախցիկի միջոցով, սակայն այս անգամ նրանք որոշել են չփնտրել խուլիգանին: Սերժանտներից մեկի խոսքերով՝ YouTube-ում հայտնված տեսանյութն արդեն իսկ պատիժ է:







































