Նիդերլանդներում կասեցվել է աստվածանարգության մասին օրենքը, որը այն հավասարեցնում էր քրեական հանցագործությանը: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, երկրի խորհրդարանը կասեցրել է նորմը՝ մատնանշելով այն հանգամանքը, որ օրենքը ավելի քան կես դար չի կիրառվել:
Բացի այդ, գործող դատական պրակտիկան հակասության մեջ էր տվյալ օրենքի հետ: Այսպես, անցած տարի քաղաքական գործիչ Գեերտ Վիլդերսը շահել էր դատը՝ պահպանելով իսլամը քննադատելու իրավունքը նույնիսկ այն դեպքում, եթե նրա մեկնաբանությունները վիրավորում են մուսուլմանների զգացմունքները: Այնտեղ նախկինի պես օրենսդրորեն արգելված է թագուհուն և ոստիկաններին վիրավորելը:
Վիլդերսը գլխավորում է աջ «Ազատություն» կուսակցությունը: Քաղաքական գործիչը հայտնի է իր հակաիսլամական հռետորաբանությամբ: 2009 թվականին Մեծ Բրիտանիան «անվտանգության նկատառումներով» արգելել է նրա մուտքը: 2008 թվականին քաղաքական գործիչը նկարահանեց «Ֆիտնա» ֆիլմը, որում քննադատում է իսլամն ու մատնանշում այդ կրոնի կապը ահաբեկչության հետ: Ֆիլմը ոչ միանշանակ արձագանքի է արժանացել:








































