Հայկական բարեգործական ընդհանուր միությունն ուրախ է հայտարարելու Արփի Վարդանյանի նշանակումը Միության Երևանի գրասենյակի տնօրենի պաշտոնում: Նա կղեկավարի Միության ներկա լայնածավալ գործունեությունն ու ընդլայնվող ծրագրերը Հայաստանում և տարածաշրջանում:
Արփի Վարդանյանը ծնվել է Միչիգանում, ավարտել է Սաութֆիլդի ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան դպրոցը, ապա նաև Միջազգային կառավարման ամերիկյան բարձրագույն դպրոցը (Thunderbird): Այնուհետև տեղափոխվել է Հայաստան շարունակելու իր գործունեությունը: Նա իր հետ բերում է Հայաստանում հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու և Վաշինգտոնում հայկական հարցերի շուրջ հանրային գիտակցության և տեղեկացվածության բարձրացմանն ուղղված քսանամյա փորձը:
Արփի Վարդանյանը երկար տարիներ զբաղեցրել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենի պաշտոնը, թե հասարակական կազմակերպությունների ուսուցման և տեղեկատվական կենտրոնի և թե ուսանողական փորձառության ծրագրերի գծով, ինչպես նաև եղել է ԱՀՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար, Երևանի գրասենյակի տնօրեն և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Հայաստանի և Ղարաբաղի գրասենյակների համար: Բոլոր զբաղեցրած պաշտոններում նա ղեկավարել է բազմաթիվ ծրագրեր և իր ներդրումն ունեցել հասարակական կազմակերպությունների կայացման և հզորացման գործում:








































