Շվեյցարիան հանդես է գալիս ՄԱԿ-ում Պաղեստինի ազգային ինքնավարության ներկայացուցչությանը 1949-1967թթ. սահմաններով «դիտորդ պետության» կարգավիճակ տալու օգտին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Շվեյցարիայի ԱԳՆ հաղորդագրությանը: Այդ հարցով քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին` միջազգային կազմակերպության Գլխավոր ասամբլեայում:
Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերի խոսքով՝ համապատասխան որոշումն ընդունվել է Դաշնային խորհրդի (երկրի կառավարության) նիստի ժամանակ: ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի բարձրացումը Շվեյցարիայի իշխանությունները համարում են կառուցողական և պրագմատիկ քայլ, որը կծառայի երկու անկախ պետությունների խաղաղ կարգավորման գործընթացին:
Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը, մերժելով միակողմանի գործողություններից զերծ մնալու և բանակցային սեղանի շուրջ վերադառնալու ԱՄՆ-ի և Իսրայելի կոչերը, ավելի վաղ հայտարարել էր նոյեմբերի 29-ին այդ հարցերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության ներկայացնելու մտադրության մասին:








































