ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան ցույց տվեց, որ բանակցություններն իսկապես մտել են փակուղի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ խոսելով տարածաշրջանային առկա իրողությունների շուրջ:
Նա նշեց, որ համանախագահների տարածաշրջան կատարած այցից եզրակացությունը, թե բանակցությունները պետք է շարունակվեն արտգործնախարարների մակարդակով, և նախագահների մակարդակով հանդիպում չի նախատեսվում, վկայում է, որ համանախագահների մոտ ցանկություն կա անպայման մեկնարկ տալ բանակցություններին՝ նվազեցնելու համար պատերազմի հավանականությունը, որը ոչ միայն Ղարաբաղան հակամարտությամբ է պայմանավորված: Ըստ նրա՝ տարածաշրջանում պայմանավորված մի շարք իրողություններով՝ Սիրիա- Թուրքիա, Իրան, մեծանում են տարբեր տեղերում ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը, ուստի փորձ է արվում զսպել այդ հնարավորությունները:
«Այս ընդհանուր մթնոլորտում համանախագահողները փորձում են հակակշռի տակ պահել ԼՂ հակամարտության խնդիրը, որպեսզի այստեղ ևս պատերազմ չսկսվի: Այս քայլերը կարող են առաջնորդել նրան, որ լինեն ոչ էական քայլեր, որտեղ համանախագահները կփորձեն բանակցությունների վերաբերյալ ինչ որ բաներ փոխել՝ բանակցային սեղանին դրված առաջարկների փոփոխություն: Հստակ կարելի չէ ասել այս մասին:
Այս ամբողջը հաշվի առնելով՝ հայկական կողմին մնում է ակտիվացնել ճիգերը ԼՂ անկախության ճանաչման ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ բանակցությունները չի կարող պատանդ վերցնել և փակուղի մտցնել»,- մեկնաբանեց բանախոսը:
Չմասնավորեցնելով, սակայն անդրադառնալով Բաքվում կազմակերպվող համաժողովներին հայկական կողմի մասնակցության նպատակահարմարությանը՝ Կ. Մանոյանն ասաց, որ Եվրոնեստի խորհրդարանական ասամբլեայի ժողովին չմասնակցելը ճիշտ չէր լինի, բայց ասել, որ բոլոր ժողովներին մասնակցելը ճիշտ է, այդպես չէ:
«Ասիական կուսակցությունների միջազգային ժողովը ցույց տվեց, որ այն ամբողջությամբ Ադրբեջանի ազդեցության տակ է, նման ժողովներին մասնակցությունը ճիշտ չէ, որքան էլ փորձեն հակառակն ասել: Վերջին այցը Բաքու փաստեց, որ բոլոր այն միջազգային ժողովներին, որոնց մենք հրավիրվելու են մասնակցելու, չի նշանակում, որ պետք է դրական պատասխանենք: Այս դեպքում Ադրբերջանը ևս խայտառակ եղավ: Սա ինչ-որ տեղ Րաֆֆի արած քայլերի արդյունքում էր. նա նամակ գրեց հայտարարեց և այլն: Բայց վստահ չեմ, որ արժեր»,- մանրամասնեց իր տեսակետը Կիրո Մանոյանը՝ շարունակելով, որ բազմիցս ենք տեսել, որ ժողովներ են գումարվել, և ինչ տեսակետներ են հնչել, ուստի դրանց բոլորին հակադարձել փորձելը ճիշտ չէ:
Ռուսական ԶԼՄ-ներով հնչեցին, որ պետք է մեծ պայմանագրի փաթեթ դնել հակամարտող կողմերի առջև։ Լրիվ անիմաստ է խոսել մեծ պայմանագրի մասն, երբ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն չկա։ Դա ինչի հիման վրա պետք է լինի: Ես կարծում եմ, որ ռուսական ԶԼՄ-ների մեկնաբանություններն այլ բան են նկատի ունենում. որ ՌԴ-ն հաշվի է առնում Ադրբեջանի տեսակետները, սակայն իրական ոչինչ չկա, քանի որ ՌԴ-ն Ադրբեջանի տեսակետներն ավելի չի հաշվի առնում, քան Հայաստանի տեսակետները:









































