2013 թ-ի բյուջեով արտահանմանը միտված արդյունաբերական ռազմավարության համար նախատեսվում է հատկացնել 300 մլն դրամ: Ռազմավարությամբ առաջնահերթ են հռչակվել տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը և կոնյակագործությունը: Թե որքան է այս գումարից հատկացվելու յուրաքանչյուրի խթանման համար, հայտնի չէ: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը, իրենք դեռ տեղյակ չեն հատկացման չափից, այն պետք է հաստատվի: Նա նշեց, որ հաջորդ տարի ցուցահանդեսներին, միջազգային համաժողովներին մասնակցության համար կա հստակ ժամանակացույց:
Բացի պետական ֆինանսավորումից՝ ծրագրերը պետք է 50%-ով համաֆինանսավորվեն մանսավոր հատվածի կողմից: Ըստ նրա՝ ընդհանուր ծրագրերը գնահատելը շատ դժվար է, դեռ այդ 300 մլն էլ հաստատված չէ, կարող է կրճատեն բյուջեի վերջնական տարբերակում:
«Հաշվի առնելով մեր պետական բյուջեի վիճակը, դրանով պետք է փորձենք առաջ շարժվել: Մասնավորն իր հերթին բավականին գումարներ պետք է ներդնի շուկաներ գրավելու համար: 1 դեղի գրանցումը ԵՄ երկրներում կարող է 10-15 հզ. դոլար արժենալ, ընդհուպ մինչև մարքեթինգի ծախսը: Պետության դերը կլինի այն, որ հնարավորինս քչացնի գումարը, որ կարիք կլինի արտահանման խթանման համար ծախսել ՀՀ-ում»,- ասաց Ս.Զաքարյանը:
Նշենք, որ դեղագործության խթանման գործողությունների ծրագրի շրջանակներում ռազմավարական ուղղություններն են՝ որակի վերահսկման համակարգի, տեղական հումքային բազայի ստեղծումը, կարողությունների զարգացումը, ֆինանսական աջակցությունը, ԱԱԿ-ների ներգրավումը, վաճառքների խթանումը:












































