Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) դիտարկմանն է ներկայացվել քրդամետ «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքի նախագիծը:
Այն խորհրդարանին ներկայացրել է կառավարությունը: Ընդհանուր առմամբ, խոսքը ԽԺԿ-ի 10 պատգամավորի՝ Վանից ընտրված պատգամավոր Այսել Թուղլուքի, Սիիրթից (Սղերթ)՝ ԽԺԿ փոխնախագահ Գյուլթան Քըշանաքի, Բինգյոլից (Բյուրակն)՝ ԽԺԿ խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Իդրիս Բալուքենի, Հաքքարիից՝ Ադիլ Քուրթի և Էսաթ Ջանանի, Ստամբուլից՝ Սեբահաթ Թունջելի, Վանից՝ Նազմի Գյուրի, Բիթլիսից՝ Հյուսամեթթին Զենդերլիօղլուի, Աղրըից (Արարատ)՝ Հալիլ Աքսոյի և Մերսինից՝ Էրթուղրուլ Քյուրքչուի մասին է:
ԽԺԿ-ի պատգամավորները մեղադրվում են «ահաբեկչական զինված կազմակերպությանը» օգնելու մեջ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ երեկոյան Իսպանիա մեկնելուց առաջ հայտարարել է, որ իրենք ԽԺԿ-ի պատգամավորներին զրկելու են անձեռնմխելիությունից, և ընդգծել է, որ նրանց դեմ հավաքվել է ավելի քան 800 փաստաթուղթ:









































