Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Թբիլիսիում հանդիպել է Եվրոպայի և Ասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինի հետ: Այս մասին հայտարարել է վարչապետի ապարատը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հանդիպումը կայացել է Պետական գրասենյակում և անցել է դռնփակ պայմաններում: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցը:
Հանդիպման ավարտից հետո Իվանիշվիլին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կաջակցի Վրաստանին այդ հարցում. «Մենք նաև քննարկել ենք մեր երկկողմանի հարաբերությունների հարցը և հույս ենք հայտնել, որ դրանք էլ ավելի կխորանան: Անցած 20 տարիները ապացուցել են, որ ԱՄՆ-ը Վրաստանի իրական գործընկերն է: Դա ջերմ և բարեկամական հանդիպում էր: Ես շնորհակալություն հայտնեցի Ռուբինին՝ ԱՄՆ-ի կողմից մեզ ցուցաբերված աջակցության համար»:







































