Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի փոխանցմամբ` Վրաստանում գործող «Իրակլի 2-րդի միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արչիլ Չկոիձեն հայտարարել է, որ Վրաստանը պետք է չեղյալ հայտարարի չերքեզների ցեղասպանության ճանաչումը և ճանաչի Հայոց ցեղասպանությունը.
«Չերքեզների ցեղասպանության ճանաչումն իրականացվել է ինքնաբուխ, մեկ-երկու մարդու ցանկությամբ, առանց պատմության գիտական հետազոտման ու առանց տվյալ հարցում աշխատանքային խմբերի ձևավորման: Չերքեզների ցեղասպանության ճանաչման որոշումն իրականացվել է նպատակամղված ձևով, որով Վրաստանի նախկին կառավարությունը փորձել է զայրացնել Ռուսաստանի ղեկավարությանը:
Չերքեզների ցեղասպանությունը ճանաչված չէ աշխարհի և ոչ մի այլ երկրի կողմից, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Գերմանիայի, ո՛չ էլ Ֆրանսիայի կողմից: Ես ցանկանում եմ հարց ուղղել. եթե դա ցեղասպանություն էր, ապա ինչո՞ւ որևէ ժողովրդավար երկիր չի ճանաչել այն, իսկ եթե ոչ մի երկիր չի ճանաչում դա, ինչո՞ւ մենք պետք է ճանաչենք այն:
Միևնույն ժամանակ Վրաստանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը ճանաչել են ԵՄ-ը, Կոնգրեսի պալատը, ԱՄՆ 30 նահանգները, իսկ Շվեյցարիայում անգամ 40,000 ֆրանկով տուգանում են Ցեղասպանությունը հերքողներին: Ասում են, թե ես դեմ եմ չերքեզների ցեղասպանության ճանաչմանն ու աջակցում եմ Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Այո՛, ես ոչ միայն աջակցում, այլև պահանջում եմ, որ Վրաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի հաղթանակի արդարությունը: Աշխարհի կեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչո՞ւ մենք նույնպես չպետք է ճանաչենք այն: Չէ՞ որ Վրաստանում բնակվում է 300,000 հայ, որոնց պապերը դարձել են այդ Ցեղասպանության զոհը»:







































