Հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ի արևելքում մոլեգնած «Սենդի» փոթորիկը Նյու Յորքի տնտեսությանը հասցրել է 19 մլրդ դոլարի վնաս, հայտնել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, փոխանցում է ITAR-TASS-ը:
Բլումբերգը հայտնել է, որ մասնավոր ապահովագրական ընկերությունները տուժածներին կվճարեն մոտ 3,8 մլրդ դոլար: Եվս 5,4 մլրդ դոլար կհատկացնի Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը: Մնացած 9,8 մլրդ դոլարը Բլումբերգը մտադիր է խնդրել դաշնային կառավարությունից: Չորեքշաբթի օրը քաղաքապետը կմեկնի Վաշինգտոն` այս թեմայի շուրջ ԱՄՆ կոնգրեսականների հետ բանակցելու համար: Բլումբերգի խոսքով` քաղաքի տրանսպորտային ոլորտը կրել է 1 մլրդ դոլարի վնաս:
Ավելի վաղ Նյու Յորք և նյու Ջերսի նահանգների ղեկավարները հայտարարել էին, որ աղետի հետևանքների վերացման համար մտադիր են դաշնային կառավարությունից խնդրել 30-ական մլրդ դոլար:
«Սենդին» ավելի քան 100 մարդու կյանք է խլել: նախնական տվյալներով` վնասը կազմել է ավելի քան 50 մլրդ դոլար:
ԶԼՄ-ների տեղեկություններով` կառավարությունից օգնություն են խնդրելու նաև Փենսիլվանիա, Նյու Հեմփշիր, Վիրջինիա, Մերիլենդ և Հյուսիսային Կարոլինա նահանգները:









































