Քիմիական հսկա «Նարրիտի» մի քանի տասնյակ աշխատակիցներ երեկ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք գործարանից ոտքով գնացել են, նախ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, ապա` ՀՀ նախագահի նստավայր: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ 2 հազար 800 հոգուց բաղկացած կոլեկտիվն աշխատավարձ չի ստանում արդեն 11 ամիս: Ակցիայի մասնակիցներն ընդամենը խնդրում են իրենց տալ գոնե 3 ամսվա աշխատավարձ: «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը «ՀԺ» թղթակցին ասել է, որ խոստացել են մինչև տարեվերջ տալ 2, իսկ հունվարին` ևս 1 ամսվա աշխատավարձ:
Թե ինչ է լինելու «Նաիրիտի» վերջը, ճիշտն ասած, այնքան էլ պարզ չէ: Չաշխատելու պայմաններում «Նաիրիտը» միայն աշխատավարձի գծով ամսական կուտակում է մոտ 1 մլն դոլարի լրացուցիչ պարտք: Թե որքան է այսօր հասել պարտքը, արդեն հայտնի չէ: Այս տարվա փետրվարի դրությամբ, այդ ձեռնարկության ընթացիկ պարտքը կազմում էր մոտ 146 մլն դոլար: Երեկ նաիրիտցիներին խոստացել են, որ մինչև դեկտեմբերի 20-ը գործարանի վերագործարկման հարցր կհստակվի: Սակայն, «Նաիրիտի» հետ կապված խոստումները երբևէ չեն իրականացել:







































