2012 թ. հուլիսի 9-ից մինչև սեպտեմբերի 15-ը Ռուսաստանը Սիրիա գրեթե 240 տոննա դրամ է ուղարկել: Այս մասին տեղեկացնում է ProPublica-ն՝ հղում կատարելով թռիչքային փաստաթղթերին:
Այդ փաստաթղթերի համաձայն՝ «Վնուկովո» օդանավակայանից Դամասկոս են ուղարկվել սիրիական ռազմական օդային ուժերի ութ «Իլ-76» ինքնաթիռ, որոնցից յուրաքանչյուրը տեղափոխել է 30 տոննա թղթադրամ, դրանց նոմինալ արժեքը և արտարժույթը չի պարզաբանվում:
Տեղեկություններն այն մասին, որ ինքնաթիռները հասել են նպատակակետին, հաստատում են դիսպետչերների և օդաչուների բանակցությունների ձայնագրությունները, ինչպես նաև թռիչքներին հետևելու համակարգի տվյալները: Բոլոր «Իլ-76»-երը, որոնց փաստաթղթերի «բեռ» տողում գրված է եղել «թղթադրամներ», թռել են ոչ թե ուղիղ՝ Թուրքիայի վրայով, այլ՝ Իրաքի, Իրանի և Ադրբեջանի վրայով:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Դամասկոսն իր դրամը Ռուսաստանում է տպում: ՌԴ «Պետնշանի» ղեկավար Արկադի Տկաչուկը հաստատել էր, որ 2012 թ. Ռուսաստանը Սիրիայի համար դրամ է արտադրել: Նախկին արտադրող ավստրիական Oesterreichische Banknoten-und Sicherheitsdruck-ը ԵՄ-ի և Սիրիայի հարաբերությունների սրացման պատճառով հրաժարվել էր արաբական երկրի համար դրամ տպել:
Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմով պայմանավորված՝ կանխիկ դրամի դեֆիցիտ կա:









































