ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Interfax-ին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության, Մաքսային միության և Եվրասիական միության հարցում Երևանի դիրքորոշման մասին:
– Տիգրա՛ն Սուրենովիչ, Ռուսաստանի և Հայաստանի միջև զարգացել է հարաբերությունների եզակի ձև՝ դաշնակցային: Ինչպիսի՞ առավելություններ է դա տալիս Հայաստանին: Երկկողմ հարաբերություններում ինչպիսի՞ համատեղ նախագծերն են Ձեզ համար առաջնային: Ձեր կարծիքով՝ կա՞ն լուրջ խնդիրներ երկկողմ համագործակցության ոլորտում:
– Ռազմավարական գործընկերային հարաբերությունները ենթադրում են, որ նման համագործակցության հիմքում ընկած է ոչ թե շահի, այլ ընդհանուր արժեքների հասկացությունը, այսինքն՝ համատեղ անցյալի և համատեղ ապագայի մեր ընդհանուր տեսլականը: Եթե ռազմավարական գործընկերային հարաբերությունները կառուցվեն միայն շահերի վրա, ապա դրանք հազիվ թե կարելի լինի ռազմավարական անվանել: Ակնհայտ է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները չեն կառուցվում միայն շահի վրա:
Աշխարհում այժմ տեղի են ունենում շատ բուռն գործընթացներ: Աշխարհն արագորեն փոխվում է, ուժեղանում է երկրի փոխկախվածությունը: Մարդկության առջև կանգնում են նոր մարտահրավերներ և նոր ռիսկեր: Դա նշանակում է, որ մենք պետք է նոր մարտահրավերները, նոր իրողությունները հաշվի առնելով` համատեղ փնտրենք մեր ընդհանուր ապագայի կառուցման ուղին: Դա նշանակում է, որ այսօր միանշանակ պատասխաններ չունենք ո´չ մենք, ո´չ էլ մեր ռուս գործընկերները: Մենք փնտրտուքի մեջ ենք, ուստի դա պետք է անել համատեղ: Այդ ժամանակ էլ որոշումները կլինեն մեր սեփականությունը, և մենք պատասխանատվություն կկրենք մեր ճիշտ և սխալ որոշումների համար:
Այսօր հիմնական հանձնարարությունը կայանում է նրանում, որպեսզի ստեղծվի համագործակցության այնպիսի հարթակ, որը թույլ կտա մեր գործընկերների հետ բաց քննարկել այդ բոլոր հարցերը, և որ ամենագլխավորն է` ձևավորել ապագային միտված համատեղ միասնական գաղափարական պլատֆորմ:
– Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է, էներգակիրների հիմնական մատակարարը: Մինչդեռ ԶԼՄ-ներում գրում են, որ Ռուսաստանն ու Հայաստանը չեն կարողանում պայմանավորվել գազի գնի շուրջ: Մասնավորապես, Ռուսաստանը առաջարկում է 1000 խորանարդ մետրի դիմաց բարձրացնել գինը մինչև 330 դոլար: Դա այդպե՞ս է:
– Պետք է ասեմ, որ չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ մենք չենք կարողանում պայմանավորվել, և երբեք էլ չեն եղել: Տվյալ դեպքում մենք հիմնական սկզբունքներով եկել ենք համաձայնության, մնում են տեխնիկական մանրամասները, որոնք պետք է լուծվեն:
Բանակցային գործընթացի ժամանակ կոռեկտ չէ հասարակության դատին ներկայացնել համատեքստից կտրված այս կամ այն դրույթներ: Դա ճիշտ չէ: Այդ իսկ պատճառով, երբ մենք ավարտենք բանակցային գործընթացը, ամեն ինչ պարզ կդառնա:
– Իսկ դա ե՞րբ տեղի կունենա:
– Մոտ ժամանակներս: Կարծում եմ` մինչ տարեվերջ մենք կավարտենք բանակցությունները:
– Գազի մատակարարման շարունակումը ներառո՞ւմ է գնին առնչվող պայմաններ:
– Այո:
– Սակայն գները կփոխվե՞ն ցանկացած դեպքում, թե՞ ոչ:
– Գները կտատանվեն՝ ելնելով համաշխարհային կոնյունկտուրայից: Ակնհայտ է, որ դրանք չեն կարող ֆիքսված մնալ հավերժ: Փոխվում է համաշխարհային կոնյունկտուրան, գները բարձրանում կամ իջնում են, և, իհարկե, պայմանավորվող կողմերը պետք է համաձայնության գան գնագոյացման մեթոդիկայի շուրջ:
– Հայաստաում, ինչպես նշում են տեղի ԶԼՄ-ները, շատ մարդիկ մտավախություն ունեն, որ հաջորդ տարվանից ներքին շուկայում գազի գները միևնույն է` կբարձրանան:
– Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին կլինի գազի գների կոնյունկտուրան` կբարձրանա՞ այն, թե՞ կիջնի: Պետք է սպասել: Այնպես որ, չեմ ցանկանում հոռետեսական ազդակներ ուղարկել մեր հասարակությանը: Եկե´ք սպասենք:
– Սակայն բանակցությունները կառուցողակա՞ն են ընթանում:
– Ինչպես միշտ:
– Ռուս-հայկական համագործակցության ոլորտներից մեկը խաղաղ ատոմն է: Ե՞րբ է նախատեսվում սկսել հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի շինարարությունը: Ինչպե՞ս կֆինանսավորվի շինարարությունը, և ե՞րբ կլուծվի ֆինանսավորմանն առնչվող հարցը:
– Նախնական պայմանավորվածությամբ՝ մենք ստեղծում ենք համատեղ ձեռնարկություն մեր ռուս գործընկերների հետ՝ 50/50 հարաբերակցությամբ: Դա նշանակում է, որ 50 տոկոսը կֆինանսավորվի Ռուսաստանի, 50-ը՝ մեր կողմից: Մենք քննարկել ենք այդ նախագծի ֆինանսավորման մի քանի սխեմա: Ունենք օպերատոր, որն արդեն երկու տարի է՝ մշակում է բիզնես մոդել, կատարում ԱԷԿ-ի նոր բլոկի աշխատանքի արդյունավետության հաշվարկներ: Օպերատորի աշխատանքի պլանում կա նաև ներդրողներին վերաբերող հարց` ի՞նչ մասնաբաժին կունենան ներդրողները, որքա՞ն կներդնեն նրանք և այլն: Չի բացառվում, որ մենք կվերանայենք մեր մասնակցության տոկոսը և ԱԷԿ-ի շինարարությունում կներգրավենք մասնավոր ներդրողների: Ամեն դեպքում, մեր ռուս գործընկերները պատրաստ են քննարկել նաև այդ մոդելը, քանի որ իրենց կապիտալի ներդրման համար ոլորտներ փնտրող մեր խոշոր ներդրողների կողմից ունեցել ենք հետաքրքիր առաջարկներ: Այնպես որ` մենք այդ տարբերակը չենք բացառում, ինչպես նաև չենք բացառում հենց այդ նախագծի ներքո վարկային ռեսուրսների ներգրավումը:
Ծրագրի համաձայն՝շինարարությունը պետք է սկսվեր 2014-ին, սակայն, ցավոք, Ճապոնիայում Ֆուկուսիմա ԱԷԿ-ի վթարից հետո տեղի ունեցած իրադարձությունները մեզնից հավելյալ ժամանակ խլեցին: Միջազգային հանրությունը սկսեց վերանայել իր վերաբերմունքը ատոմական էլեկտրակայանների հանդեպ:
– Ինչպիսի՞ ներդրողների մասին է խոսքը: Ո՞ւմ հետ են բանակցություններ անցկացվում:
– Հետաքրքրություն են ցուցաբերել ներդրողներ Ամերիկայից, Ճապոնիայից և Մերձավոր Արևելքից: Նրանց հետ պետք է պայմաններ մշակել:
– Նրանց հետ բանակցություններ անցկացվո՞ւմ են:
– Ոչ, դեռևս միջնորդների միջոցով մանրամասներն են ճշտվում:
– Դիտարկվո՞ւմ է արդյոք նախագծի իրականացման համար ռուսական պետական վարկի ստացման հնարավորությունը:
– Այո, դա այլընտրանքային տարբերակներից մեկն է: Դիտարկվում է նաև Եվրասիական հակաճգնաժամային հիմնադրամից վարկի ստացման հնարավորությունը: Մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները:
– Իսկ «Ռոսատոմը» դիտարկվո՞ւմ է որպես ներդրող:
– Այո, իհարկե: «Ռոսատոմը» մեր հիմնական գործընկերն է:
– Գոյություն ունի՞ Ռուսաստանի առջև Հայաստանի պարտքի խնդիր:
– Խնդի՞ր: Մենք խնդիր չունենք Ռուսաստանի հետ: Եթե ինչ-որ հարցեր են առաջանում, դրանք լուծվում են աշխատանքային կարգով: Հայաստանի արտաքին պարտքի մակարդակը համարվում է միջինից ցածր, և մենք հարյուր տոկոսով կատարում ենք արտաքին պարտքին ուղղված բոլոր պարտավորությունները:
-Ինչպիսի՞ն է Երևանի դիրքորոշումը Մաքսային միության և Եվրասիական միության հանդեպ: Դիտարկո՞ւմ եք այդ կառույցներ մտնելու հնարավորությունը:
-Հայաստանը հայտարարել է, որ հետաքրքրված է ԱՊՀ և ԵվրԱզԷս-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներով: Մեր երկրների նախագահների վերջին հանդիպման ժամանակ այդ հարցը հնչել է, և Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ հստակ նկատել է, որ Հայաստանում կա հատուկ մի բան՝ չկան ընդհանուր սահմաններ ԵվրԱզԷս-ի և Մաքսային միության հետ: Համաշխարհային պրակտիկայում չկա նման նախադեպ, երբ երկիրը, չունենալով ընդհանուր սահմաններ, մտնի Մաքսային միության մեջ: Այդ իսկ պատճառով նախագահների հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ: Մեր կողմից այն ղեկավարում է էկոնոմիկայի նախարարը, Ռուսաստանի կողմից նույնպես նշանակվել է համապատասխան նախարար: Աշխատանքային խումբը կմշակի միջոցներ, որոնք թույլ կտան խթանել ինտեգրացիոն գործընթացները՝ հաշվի առնելով այդ առանձնահատկությունները:











































