«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»: Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի խոսքերը Կոմիտաս վարդապետի մասին այսօր էլ չեն կորցրել իրենց արժեքը:
Կոմիտասի գործը՝ թուրքական էլևեջներից ու մելիզմներից հայ երգի զտումն ու հայ երգն աշխարհի ներկայացնելը մինչ օրս էլ անգերազանցելի է: Նա մեր երգարվեստում այն գագաթն է, ում աշխարհիկ ու հոգևոր երգերը ձգտում են կատարել թե՛ սկսնակ, թե՛ փորձառու երգիչ-երգչուհիները: Քիչ չեն նաև դեպքերը, երբ կոմիտասյան երգերի կատարումների ժամանակ աղավաղվում են երգերի բառերն ու երաժշտությունը, երբ փորձ է արվում «ժամանակակից շունչ» հաղորդել դրանց, երբ վոկալային տվյալներ չունեցող էստրադային «աստղիկները» փորձ են անում ինքնահաստատվել Կոմիտասի երգերի կատարումներով:
Նոյեմբերի 11-ին հայ երաժշտասեր հասարակությունը առիթ ուներ լսելու կոմիտասյան 10 աշխարհիկ ու 1 հոգևոր («Տեր ողորմեա») երգերը՝ անխառն մատուցմամբ: Կոմիտասյան երգերով հանդիսատեսին մենահամերգով ներկայանալու միտքը տենոր Արտակ Ալավերդյանը վաղուց էր փայփայել: Նման մի փորձ երգիչը կատարել էր դեռ ամռանը: Երգչի խոսքով՝ այդ փորձի հաջողությունը պատճառ էր դարձել, որ մտածի Կոմիտասին նվիրված գրական-երաժշտական երեկո կազմակերպելու մասին: Նրա խորին համոզմամբ՝ Կոմիտասն այն հեղինակն է, որին պետք է նվիրվել, շարունակ կատարել նրա գործերը, որպեսզի դրանք չդառնան «թանգարանային արժեք»: Ա. Ալավերդյան նպատակ ունի Կոմիտասին ճիշտ ներկայացնել թե՛ հայրենիքում, թե՛ դրա սահմաններից դուրս՝ «առանց կլկլոցների», ինչի դեմ իր ամողջ կյանքում պայքարում էր նույն Կոմիտասը:
«Նվիրում Կոմիտաս վարդապետին» խորագրով երեկոն բացվեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան Արմեն սարկավագ Սահակյանի խոսքով, ով իր ելույթում մասնավորապես նշեց, որ Կոմիտասին մեր սրտերում «ապրեցնում են այն մարդիկ, ովքեր նրա գործերը ներկայացնում են»: Երեկոյի գրական մասում հաղորդավար, դերասան Խորեն Լևոնյանը ներկաներին պատմեց Կոմիտասի կյանքը, ներկայացրեց նրա ստեղծագործությունները: Հանդիսատեսին ներկայացավ նաև Սուրբ Խաչ եկեղեցու երգչախումբը: Երգչին նվագակցում էր դաշնակահարուհի Կատարինե Հովսեփյանը:
Հատկանշական է, որ Կոմիտասյան «Տեր ողորմեա», «Չինար ես», «Քելե-քելե», «Հով արեք», «Կանչե կռունկ», «Լելե յաման», «Կաքավիկ», «Ալազգազ» երգերի կատարումներին երգիչը մոտենում էր ամենայն պատասխանատվությամբ ու երգած ամեն հնչյունի նկատմամբ դրսևորում մեծագույն հարգանք:







































