Իրանի նախագահը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում` D-8-ի գագաթնաժողովի ժամանակ, նոր համաշխարհային համակարգի ստեղծման կոչ է արել` հայտնում է Irna իրանական տեղեկատվական գործակալությունը: Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ աշխարհը նոր համաշխարհային համակարգի կարիք ունի, որը պետք է հիմնվի արդարության և մարդասիրության սկզբունքի վրա` հայտնում է umma.org.ua-ն:
Իրանի նախագահը նշել է, որ կապիտալիզմի դարաշրջանն ավարտվել է` նոր դարաշրջան սկսվելով: Ահմադինեժադը իր պակիստանցի գործընկեր Ասիֆ Ալի Զարդարիին շնորհավորել է կազմակերպության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և արժանին մատուցել Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանին, որը մինչ այդ ղեկավարել է D-8-ը:
Իրանի նախագահը նշել է, որ վերջին տասնամյակում աշխարհը դարձել է վկան գաղութային նվաճողական համակարգի, որը, ըստ նրա, միայն սեփական շահերն է հետապնդում և վնասում է մնացած բոլորին: Նախկին գաղութային համակարգը եկել է նոր դիմակով, նոր նշանաբաններով, այլ մեթոդներ է օգտագործում, սակայն դա նույն կառուցվածքն է, որը միայն մեկ նպատակ ունի` ժողովուրդներին թալանել ու նրանց ենթարկեցնել:
Ահմադինեժադը համարում է, որ հանուն կրոնի անհրաժեշտ է ջանքեր գործադրել` վերջ դնելու տարածաշրջանի երկրների վեճերին և հակամարտություններին, որը ձգվում է Ասիայից Աֆրիկա: Նախագահը նշել է, որ կազմակերպության ժողովուրդները պետք է կարևոր դեր խաղան ապագայում համաշխարհային կարգ հաստատելու գործում:











































