Չինաստանը դադարել է համալրել իր ռազմավարական նավթային պահուստները: Այս մասին են վկայում Միջազգային էներգետիկ գործակալության տվյալները, հաղորդում է The Financial Times-ը:
Գործակալությունը այդպիսի եզրակացության է եկել՝ ուսումնասիրելով ՉԺՀ-ում նավթամթերքի ու նավթի առաջարկ-պահանջարկը: Այսպես, 2012թ. առաջին եռամսյակում առաջարկի ու պահանջարկի միջև տարբերությունը կազմել է 650 հազար բարել օրական: Երկրորդում այն կրճատվել է՝ մինչև 510 հազար բարել:
Հուլիսին առաջարկը գերազանցեց պահանջարկը ընդամենը 100 հազար բարելով, իսկ օգոստոս- սեպտեմբերին դրանց միջև տարբերությունը հասավ զրոյի:
Համաձայն գործակալության տվյալների՝ 2012թ. առաջին 7 ամսում Չինաստանը իր ստորգետնյա նավթապահեստարանները լցրել է 106 մլն բարել նավթով, որոնք ստացվել են հիմնականում Ղազախստանից ու Ռուսաստանից:
Չինական ռազմավարական պահուստները անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարությունից հետո 2020թ. կդառնան աշխարհում տարողությամբ 2-րդը: Պեկինը դրանք սկսել է ստեղծել դեռ 2001թ.` այն նկատառումով, որ հնարավոր պատերազմի ժամանակ կարող է դադարեցվել երկիր նավթամատակարարումը:











































