Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր հաջորդ արտասահմանյան այցը կարող է իրականացնել դեպի Ադրբեջան: Այսօր Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Իվանիշվիլին չի բացառել, որ իր ամերիկյան այցի հետաձգումից հետո հաջորդ արտասահմանյան այցը կարող է լինել Բաքու.
«Այդ այցը կլինի Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրագրման մեր ցանկության ապացույց: Եվ թեև այսօր մենք ունենք շատ լավ հարաբերություններ, սակայն մենք պատրաստ ենք էլ ավելի լավացնել դրանք: Շնորհակալ եմ ադրբեջանական կողմին՝ համագործակցության ու օգնության համար: Այսօր Վրաստանի ու Ադրբեջանի առաջադրանքն առկա առևտրային շրջանառության ու փոխադարձ տեմպերի պահպանումն է»:
Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլիի ամերիկյան այցը պետք է տեղի ունենար նոյեմբերի վերջին, սակայն Վրաստանի ներքին խնդիրների պատճառով այն հետաձգվել է հաջորդ տարի: Իվանիշվիլին հավելել է նաև, որ մտադիր չէ այցելել Մոսկվա:









































