Կառավարությունն այսօր նիստում հավանություն է տվել «Հայաստանում արտահանման վարկավորման գործակալության»` որպես վարկային ապահովագրական ընկերության ստեղծման միջոցառումների ցանկին։ Արտահանման վարկավորման ապահովագրությունը որպես ՀՀ կառավարության արտահանման աջակցության քաղաքականության գործնական լուծում, գործիք է, որը կառավարության աջակցությունը կհասցնի մեծ թվով շահառուների` արտահանողների, բազմապատկելով կառավարության ներդրած ֆինանսական ռեսուրսները։ Զարգացման հաջորդ փուլում համակարգը դառնում է ինքնաֆինանսավորվող և սկսում է գործել առևտրային հիմունքով, ինչպես վկայում է եվրոպական երկրների փորձը։
ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015 թ. դեկտեմբերի 11-ը։ Ընկերությունն աշխատում է տոլինգային եղանակով` «SARTIS»-ի պատվերի հիման վրա, որի հումքը և նյութերը ներմուծվում են։ Որոշման ընդունման շնորհիվ կմեծանա արտադրանքի արտահանման ծավալը, կստեղծվեն նոր աշխատատեղեր։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը թույլատրել է Հայաստանի պատմության թանգարանի կողմից 2011 թվականին մաքսային հայտարարագրով Իտալիա արտահանած մշակութային արժեքի` խաչքարի նկատմամբ «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2015 թ. դեկտեմբերի 9-ը։ Խաչքարը մոտ 10 ամիս է ցուցադրվում է Հռոմի Բրասկի թանգարանին հարող հրապարակում, այն դիտում են քաղաքի բազմահազար այցելուներ։











































