Նոյեմբերի 20-ի երեկոյան դրամատիկ իրադարձություններ էին տեղի ունենում «Արայ» ընկերության վաղամեռիկ սեփականատեր Արմեն Պետրոսյանի մոր տան մոտ: «Հրապարակ»-ը գրում է, որ դրանց կենտրոնում Արմենի 6 տարեկան դուստրն էր` Կարինան, որն իր կյանքի վերջին տարիներին կռվախնձոր է դարձել նախ իր ծնողների միջև, իսկ հոր առեղծվածային «ինքնասպանությունից» հետո տատիկի` Կարինե Սուքիասյանի, և մոր` նախկին թարգմանչուհի Տատյանա Չադենկովայի միջև: Նոյեմբերի 20-ի երեկոյան ոստիկանները, կատարելով երեխային մորը վերադարձնելու դատարանի որոշումը, լցվել էին Կարինե Սուքիասյանի տուն, որտեղ վերջին մեկ տարին ապրում էր Կարինան, և խլել էին նրան տատիկից: Տատյանա Չադենկովան, որը Երևանում է, «Հրապարակ»-ին հեռախոսազրույցում հայտնեց, որ աղջիկն իր հետ է, առողջ է ու լավ տրամադրություն ունի, և առաջիկայում ինքը չի պատրաստվում մեկնել Հայաստանից:
Կարինան, որը երկար ժամանակ է ապրել տատիկի հետ, արդեն երկրորդ անգամ է ձեռքից ձեռք անցնում: Քննչական գլխավոր վարչությունում տատիկի` Կարինե Սուքիասյանի դեմ գործ կա հարուցված` Քրօր. 167 հոդվածով` «Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը»: Տղայի մահից հետո նա վերցրել էր թոռանը և թաքնվել: Սակայն նրան ետ են վերադարձրել Բագրատաշենի անցակետից, երբ թոռնիկի հետ ուզում էր հատել սահմանը: Կնոջը ստորագրությամբ բաց էին թողել, բայց թոռնիկը շարունակում էր ապրել հորական տանը: Թերթի տեղեկություններով, երեխային հորական տատի մոտ, այսինքն` Հայաստանում թողնելու որոշման ետևում կանգնած էին ՀՀ իշխանությունները: Ասում էին` անգամ Հայաստանում ՌԴ դեսպանի միջնորդությունն ու պահանջը դեր չեն խաղացել, երկու անգամ նա եղել է ՀՀ գլխավոր դատախազի մոտ, սակայն մերժում է ստացել: Նրան ասել են, որ երեխային չեն տալու մորը` ՌԴ քաղաքացի Չադենկովային: Հայկական կողմը կասկածում է, որ Պետրոսյանի մահից հետո երեխային վերադարձնելու մոր ձգտումները պայմանավորված են ժառանգության նկատմամբ հավակնություններով: Ամեն դեպքում` հայկական կողմը չէր պատրաստվում երեխային տալ մորը: Թե ինչ է փոխվել հետագայում, պարզ չէ: Ոմանք կարծում են, որ հարցը լուծվել է միջպետական մակարդակով` ՌԴ իշխանությունները ճնշում են գործադրել մեր իշխանությունների վրա, և դատարանն անսպասելի որոշում է կայացրել` երեխային հանձնելով մորը: Չադենկովայի պաշտպան Նարինե Ռշտունին ասում է, որ քրեական գործում վկայություններ կան, որոնց համաձայն Կարինան իր հորաքրոջն էր «մամա» ասում: «Այս փաստն ինքնին արդեն երեխայի իրավունքների կոպիտ խախտում է,- ասում է Ն. Ռշտունին:- Մենք բողոքարկել էինք արգելանքը որպես հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը, և օգոստոսի 24-ին վարչական դատարանը վերացրել է այդ արգելանքը, վերաքննիչն այս որոշումը թողեց ուժի մեջ, վճռաբեկն էլ հակառակ կողմի հայցը վարույթ չընդունեց: Այսպիսով, ոչ մի արգելք չկա երեխային հանձնելու մորը, որը հանդիսանում է իր օրինական ներկայացուցիչը և որը ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախապատվության իրավունք ունի այլ անձանց նկատմամբ երեխային խնամելու և դաստիարակելու»: Հրապարակ»-ը փաստաբանին մի քանի հարց տվեց:
– Արդյո՞ք Ռուսաստանի դեսպանատունը չի միջամտել և իշխանությունների մակարդակով չի ներազդել այս գործի ընթացքի վրա:
– Չադենկովան ՌԴ քաղաքացի է և ունի իրավունք ստանալու աջակցություն Ռուսաստանի դեսպանության կողմից: Սակայն ինձ նման տեղեկություն հայտնի չէ, և ես դա չեմ կարող մեկնաբանել:
– «Արայի» սեփականատիրոջ մահվան վերաբերյալ քրեական գործի շրշանակներում վարկած կար, որ Տատյանան առնչվել է նրա սպանությանը, և այդ ուղղությամբ քննությունը շարունակվում է:
– Նա ծնողական իրավունքից զրկված չի, ծնողի իր իրավունքը սահմանափակված չի, քանի դեռ նա քրեական գործով չի հանդիսանում ոչ կասկածյալ, ոչ մեղադրյալ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե մեր նախաքննությունն իրականացնող մարմինները կասկած ունենային, որ Տանյա Չադենկովան իր ամուսնու մահվան հետ կապված, որն առայսօր դեռ պարզ էլ չի, թե ինքնասպանության հետևանքով է եղել, թե սպանության, կապ ունենար, ապա նա ՀՀ-ում երևի թե ազատ չէր ապրի:
– Արդյոք ոստիկանների գործողությունները` Կարինե Սուքիասյանի տունը ուշ ժամի շրջապատելը և երեխային ուժով տանելը, իրավաչա՞փ են, Դուք այստեղ չե՞ք տեսնում Կարինե Սուքիասյանի իրավունքների խախտում:
– Կա քրեական գործ, որով տիկին Կարինեին մեղադրան է առաջադրված երեխային ծնողից ապօրինի զրկելու վերաբերյալ, և ոստիկաններն իրավունք ունեն նրա հնարավոր գործողությունները կանխելու:










































