Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վերաբերյալ բանակցություններում ընդմիջում է հայտարարվել՝ կապված Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության փոփոխման հետ: Այս մասին հայտնել է բանակցային գործընթացին մոտ կանգնած ռուսական դիվանագիտական աղբյուրը:
Վերջինս ընդգծել է, որ դա չի նշանակում, թե կողմերը հրաժարվել են բանակցություններից, որոնք սկսվելու են շուտով: Աղբյուրը նաև ընդգծել է, որ թեև Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետը սպառվում է այս տարվա դեկտեմբերի 9-ին, չի ենթադրվում, որ Բաքուն արդեն դրա հաջորդ օրն իսկ փակելու է կայանը: Աղբյուրի խոսքերով՝ երկու կողմն էլ հակված են տվյալ խնդրի շուրջ բանակցությունների հետագա շարունակմանը: