Վերջին 15 տարվա ընթացքում այսօր առաջին անգամ խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրվելու` ընդդիմության նախաձեռնությամբ: Օգտագործելով Սահմանադրության 77-րդ հոդվածը` խորհրդարանական ընդդիմադիր և այլընտրանք խմբակցությունները, ընդհանուր աոմամբ` 48 ստորագրությամբ, կարողացել են հրավիրել արտահերթ նիստ` ընտրական օրենսդրությունում փոփոխությունների առաջարկներով: Սահմանադրության համաձայն` ստորագրությունների նվազագույն անհրաժեշտ բանակը 44-ն էր` պատգամավորների 1/3- ը: «Առավոտ»-ը գրում է, որ ՀՀԿ-ական տարբեր գործիչներ արդեն իսկ հայտարարել են, որ լուրջ չեն վերաբերվում սույն նախաձեռնությանը, ավելին` քվորում չապահովելով` պատրաստվում են տապալել արտահերթ նիստի աշխատանքները:
ՀԱԿ-ը «ընտրական համակարգի արմատական վերափոխման ճակատագրով մտահոգված բոլոր քաղաքացիներին» այսօր, ժամը 14-ին, հրավիրում է Աժ շենքի մոտ` մինի հանրահավաքի:
Այս առիթով երեկ «Առավոտը» զրուցեց ՀԱԿ համակարգող, խորհրդարանական համանուն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ:
– ՀՀԿ-ական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներ հստակ հայտարարել են, որ տապալելու են արտահերթ նիստի աշխատանքները: Կա` գործողությունների ծրագիր, նախատեսվա՞ծ են որոշակի քայլեր, որոնք պետք է իրականացվեն արտահերթի տապալումից հետո:
– Մեր կողմից որոշում կա, և այս հարցով շահագրգռված բոլոր ակտիվ քաղաքացիներին հրավիրում ենք Աժ-ի մոտ` ակցիայի:
– Համատեղ որոշում չկա՞:
– Համատեղ որոշում չկա:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ հենց վաղվա ակցիայով ՀԱԿ-ը վերսկսի ակտիվ հանրահավաքային փուլը:
– Պետք չէ կապել դրա հետ, բայց ես չեմ բացառում, որ ավելի ակտիվ հանրային միջոցառումներ կլինեն:
– Մոտավոր ժամկետները պա՞րզ են, ՀԱԿ-ի քաղխորհրդում քննարկվե՞լ է այդ հարցը:
– Ոչ, մենք ոչ մի ժամկետ դեռ չենք քննարկել:
– Տարբեր վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, այդ թվում նաև ժամանակին ՀԱԿ-ին անդամակցած գործիչներ, կարծիքներ հայտնեցին, որ եթե առաջիկա նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրել իր թեկնածությունը, ուրեմն ՀԱԿ-ը վերջնականապես կկազմաքանդվի: Համաձա՞յն եք նման դիտարկումների հետ:
– Գիտեք, ես նման ապոկալիպտիկ մոտեցումները երբեք չեմ կիսում: Իհարկե, Կոնգրեսի ստեղծումը հիմնականում կապված է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ստեղծված այս շարժման հետ: Առաջին նախագահը մեծ դեր է խաղացել քաղաքական ուժերի համախմբման մեջ և շարունակելու է խաղալ:











































