Amnesty International անկախ իրավապաշտպան կազմակերպության հարյուրավոր աշխատակիցներ այսօր Լոնդոնում գործադուլ են անում: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գործադուլի պատճառն այն է, որ ղեկավարությունը ծրագրել է աշխատանքից հեռացնել մի շարք աշխատակիցների: Ցուցարարները Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տեղակայված կազմակերպության կենտրոնակայանի մոտ ցուցապաստառներով պիկետ են կազմակերպել: Ինչպես սպասվում է՝ բողոքի ակցիան կտարածվի միայն լոնդոնյան բյուրոյի վրա:
Համաձայն գործակալության տեղեկության՝ Amnesty International-ի ղեկավարությունը պատրաստվում է լայնածավալ վերակազմավորում իրականացնել՝ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Դրա շրջանակում նախատեսվում է լոնդոնյան բյուրոյի 500 աշխատակիցների ուղարկել 10 տարբեր տարածաշրջաններ, որտեղ տեղի են ունենում մարդու իրավունքների սոսկալի խախտումներ:
Նշենք, որ Amnesty International-ը ստեղծվել է 1961-ի մայիսի 28-ին` Լոնդոնում: Այն ներկայացուցչություններ ունի աշխարհի 80 երկրներում:








































