«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի զրուցակիցն է դերասան Գոռ Սահակյանցը:
– Գոռ, մասնագիտությամբ ռեժիսոր եք, բայց Ձեր ուժերը հեռուստասերիալում եք ռեալիզացնում: Ինչո՞ւ:
– Ես դեռ ո՛չ դերասան եմ, և ո՛չ էլ առավել ևս ռեժիսոր: Այդ կոչումը ստանալու համար երկար ճանապարհ պետք է անցնեմ: Պարզապես նպատակ կա դառնալու թե՛ ռեժիսոր, թե՛ դերասան, դրա համար այսօր փորձ եմ ձեռք բերում հենց սերիալում` որպես դերասան, փորձում եմ իմ դերասանական ունակությունները առաջ բերել:
– Որտե՞ղ է ավելի հեշտ ապրելը՝ սերիալո՞ւմ, թե՞ իրական կյանքում:
– Կյանքում ավելի հեշտ է, որովհետև այստեղ դու ես քո գլխի տերը, մինչդեռ սերիալում դու չես քո գլխի տերը, սցենարիստն է որոշում՝ դու կգնա՞ս այնտեղ կամ կանե՞ս այս քայլը, թե՞ ոչ: Իրական կյանքում յուրաքանչյուրս ազատ ենք մեր քայլերում, եթե, իհարկե, հետո կարող ենք պատասխան տալ մեր քայլերի համար: Ինչքան մեծ է ազատությունը, այդքան մեծ են պարտականությունները:
– Ձեր տարեկիցները որքանո՞վ են սերիալի սպառող:
– Իմ տարեկիցներից քչերն են դիտում սերիալ, նրանց ավելի շատ հետաքրքրում են գեղարվեստական ֆիլմերը, թատրոնները, բայց ոչ սերիալները: Սերիալը ձանձրալի է թվում, և նրանք պատրաստ չեն այսօր նստելու և հետևելու կերպարային գծերի: Նույնիսկ, եթե գեղարվեստական ֆիլմը ունենում է շարունակություն՝ երկրորդ, երրորդ սերիա, սկսում է ձանձրացնել: Ֆիլմի տևողությունը կարող է լինել մի քանի ժամ, բայց ոչ մեկ կամ երկու տարի:
– Ըստ Ձեզ՝ ովքե՞ր են սերիալ սպառողները, ըստ էության՝ մեզ մոտ ոչ միայն տնային տնտեսուհիներն են դիտում ժամանակ սպառելու համար, կարծես թե այն ավելին է, քան ժամանակ սպառելը, հնարավո՞ր է պահանջարկն է մեծ:
– Իրականում պահանջարկն է մեծ, որովհետև հիշում եմ, երբ «Հրեշտակների դպրոցը» ավարտվեց, փողոցում անընդհատ հարցնում էին՝ բա չեք սկսո՞ւմ նոր սերիալ: Չեմ կարող ասել՝ կոնկրետ ովքեր են սերիալի սպառողները, բայց ինձ դուր չի գալիս սերիալների այսքան շատ քանակը: Սերիալներն ի սկզբանե ստեղծվել են տարեցների համար, ովքեր այլևս չեն կարողանում տնից դուրս գալ, մնում էին տանը, դիտում սերիալ, իսկ այսօր սերիալներին շատ մեծ նշանակություն են տվել, քան ինքը կա, ինչը ինձ դուր չի գալիս:
– Որպես մտավորականի ընտանիքից սերված մարդ՝ ինչպե՞ս եք վերաբերվում սերիալների սպառմանը: Գիտեմ, որ Ձեր հայրը դեմ էր սերիալում նկարահանվելու Ձեր փորձերին:
– Իրականում բարդ էր: Երբ առաջին անգամ եկա ասացի պապային, իհարկե նա դեմ էր, ասում էր՝ գնա նորմալ բանով զբաղվի, բայց երբ տեսնում է ինչ-որ աճ ունեմ, կերպարային «իզյումինկաներ» եմ մտցնում, իրեն դուր է գալիս, և լինում են օրեր, որ ասում է՝ այս տեսարանը լավ ես խաղացել, ապրես, դա ինձ համար լրացուցիչ խթան է հանդիսանում առաջ շարժվելու համար: Իր նպատակն այն է, որ ես չսահմանափակվեմ սերիալով:
– Գոռ, որպես երիտասարդ կնշեի՞ք՝ ի՞նչ մտահոգություններ ունեն այսօր Ձեր տարեկիցները:
– Իրականում իմ տարեկիցների մտահոգությունները շատ անիմաստ և ոչ կարևոր են: Լավ հեռախոս, մեքենա, լավ համարանիշեր… Ցավոք սրտի, մեծամասնության արժեքները դա են: Այսինքն՝ ինչպես պապս էր ասում, նրանք չեն ուզում այդ խոտից, որից մեր քաղաքում շատ է, ուղղակի խոտ են, բնակչություն, դառնան եզակի անձ, որի անունը կգրվի գրքերում: Ես դրան եմ ձգտում և փորձում եմ դրան հասնելու համար ամեն ինչ անել: Այսօր տասը հոգուց ութը ոչ մի բանի մասին չի մտածում: Նրա համար հոգ չէ ո՛չ քաղաքական, ո՛չ արվեստի խնդիրները: Իմ տարեկիցները այդ ձգտումը չունեն, նրանց հետաքրքրությունները սահմանափակվում են ռաբիս երաժշտությամբ, մեքենաներով, ավելիի ձգտում չունեն և միշտ բողոքում են և ոչ մի ներդրում չեն անում:
– Ինչի՞ հետևանք է սա:
– Եթե Հայաստանի ամբողջ բնակչությունը այդպիսին լիներ, ես կասեի՝ այո՛, լուրջ խնդիր է, բայց ես լիքը ընկերներ ունեմ, ծանոթներ, որոնք այդպիսին չեն:
– Երիտասարդները մեծ հաշվով դեգրադացվում են:
– Դժվար է դա ընդունել, բայց ինձ թվում է, այո:
– Բայց կան երիտասարդներ, որոնք իսկական քաղաքացիներ են, պայքարում են այս կամ այն խնդրի լուծման համար:
– Իհարկե հաճելի է, երբ տեսնում եմ երիտասարդությունը կարող է ինչ-որ փոքր հաղթանակների հասնել: Բայց ես չեմ կարող ինձ համարել այդ մասնիկը, որովհետև ես մասնակից չեմ, ես իմ կինոներով եմ դա ուզում անել: Ինչո՞ւ եմ ընտրել ռեժիսուրան… որ ապացուցեմ, որ ասելիք ունեմ թե՛ երիտասարդությանը և թե՛ քաղաքի մեծերին:
– Օրերս Արտավազդ Փելեշյանը սկսնակ ռեժիսորներին խորհուրդ տվեց` առաջին ֆիլմի համար ներդնել ամեն ինչ: Պատրա՞ստ եք դա անել:
– Այո՛, ես պատրաստ եմ դա անել: Պարզապես այստեղ գալիս է ժամանակի խնդիրը, բայց անելուց ամբողջ սրտով եմ անում:
Ես ինձ ավելի շատ տեսնում եմ կինոյում, բայց կարծում եմ վաղ թե ուշ կվերադառնամ մուլտիպլիկացիա, որովհետև դա արդեն արյանս մեջ է: Հիմա էլ, երբ ազատ եմ լինում, գնում եմ պապայի մոտ ստուդիա:
– Ի՞նչ դժվարություններ կան սկսնակ ռեժիսորի համար:
– Վախ, որ գիտելիքներդ չեն հերիքի, վախ, որ չես գնահատվի, վախ, որ պատրաստ չես: Վախն է, որ սահմանափակում է, կանգնեցնում, եթե ուզում ես ինչ-որ բան սկսել: Իմ կարծիքով՝ ռեժիսուրան մոլորակի ամենաբարդ մասնագիտություններից մեկն է, որովհետև դու պետք է իմանաս ամեն ինչ և պատրաստ լինես ամեն ինչին:
– Գոռ, «Տիգրանի մոլորակ»-ում Ձեր կերպարը հոգեբանական խնդիրներ ունի, որքանո՞վ մենք այսօր ունենք Տիգրանի նման կերպարներ:
– Ցավոք սրտի, մեր հասարակությունում եթե նույնիսկ կան Տիգրաններ, նրանք շատ քիչ են, որովհետև եթե լինեին, մենք այսօր այսքան պրոբլեմներ չէինք ունենա: Տիգրանի կերպարը ինձ դուր է գալիս, որին փորձում եմ նմանվել, դա նրա անընդհատ գիտելիք հավաքելու նպատակն է: Նրա ձեռքին միշտ գիրք կա, կարդում է, գրում է, ձգտում է, նպատակ ունի, նա ուզում է գոռա, ուզում է ասի՝ ինչու եք այդպես ապրում: Չվախենալ ստեղծել, այլ ոչ թե վայելել ուրիշների ստեղծածը…
Մարդը պետք է և՛ ֆիզիկապես, և՛ գիտելիքներով պատրաստված լինի կյանքին:
– Արտագաղթը, ըստ Ձեզ, ինչ երևույթ է ռեժիսորների դեպքում:
– Մեր երկրում որպես ռեժիսոր կայանալը շատ դժվար է, որովհետև թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական խնդիրներ կան: Իսկ արտագաղթը համարում եմ փախուստ խնդիրներից, փախուստ Հայաստանից: Ես միտք ունեմ հետագայում ուսումս արտասահմանում շարունակել, բայց ապրել և ստեղծագործել պատրաստվում եմ այստեղ: Այստեղ դաշտը նեղ է, բայց հնարավոր է: Պետք է շատ տանջվես, բայց մեր հայերը չեն ուզում այդքան հոգնել: Ես ուզում եմ այստեղ ստեղծագործել` անկախ նրանից, որ դա շատ բարդ է լինելու: Պապաս իզուր չի մնացել այստեղ, երբ ուներ գնալու հնարավորություն: Ես չեմ ուզում իր ամբողջ աշխատանքը ջուրը գցել, պարտականություն կա:







































