ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենին:
Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել Հայաստանի նկատմամբ ԱՄՆ բարյացակամ վերաբերմունքը և երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը: Նա կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը և փոխայցելությունները, ինչը, ըստ ԱԺ փոխնախագահի, Հայաստանի համար փորձի փոխանակման տեսանկյունից շատ կարևոր է:
Հերմինե Նաղդալյանը շնորհավորել է դեսպանին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերընտրման առթիվ:
Ջոն Հեֆերնը նույնպես կարևորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու համագործակցության աշխուժացումը: Նրա խնդրանքով Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է միջկուսակցական հարաբերություններին, խորհրդարանական այն գործընթացներին, որոնք նպատակ ունեն ուժեղացնելու ԱԺ վերահսկողական գործառույթները: Հարցի հետ կապված՝ անդրադարձ է կատարվել օրերս ընդունված Վերահսկիչ պալատի՝ հաջորդ տարվա ծրագրին և դրանում ներառված առաջարկներին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում խորհրդարանական անցած ընտրություններին, առաջիկա նախագահական ընտրություններին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը վերաբերող առաջարկներին և նախատեսվող աշխատանքներին: Երկուստեք կարևորվել է արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացումը:
Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հավաստիացրել է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը հաստատակամ է՝ անցկացնելու արդար և թափանցիկ նախագահական ընտրություններ:








































