Հոնդուրասի 2009 թվականին տապալված նախագահ Մանուել Սելայայի կինը՝ Քսիոմարա Կաստրոն, բավարար թվով ձայներ է հավաքել կիրակի անցկացված նախնական ընտրություններում` մասնակցելու համար 2013-ի վերջին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ազատություն և նորացում» կուսակցության թեկնածու Կաստրոն և ևս երկու թեկնածուներ` այլ քաղաքական ուժերից, հավաքել են ամենաշատ ձայները: Դիտորդները նշում են, որ ընտրողների մասնակցությունը շատ ցածր է եղել:
Կաստրոյի ամուսինը տապալվել է 2009-ի հունիսի 28-ին` պետական հեղաշրջման արդյունքում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա պաշտոնաթող է արել զինվորական ղեկավարությանը, որը հրաժարվել է ապահովել հանրաքվեի անցկացումը: Հանրաքվեի արդյունքներով պետք է վճռվեր նախագահի` երկրորդ ժամկետում ընտրվելու իրավունքի հարցը:
Նրան ձերբակալել էին և արտաքսել Կոստա Ռիկա, մեղադրել կոռուպցիայի և Սահմանադրությունը խախտելու մեջ: Ավելի ուշ նա վերադարձել է Հոնդուրաս և իշխանությունը վերադարձնելու անհաջող փորձ ձեռնարկել:
Կաստրոն նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին հայտնել էր դեռևս 2011-ի սկզբին՝ հայտնելով, որ մտադիր է գնալ նույն ուղով, ինչ Արգենտինայի ներկայիս նախագահ Քրիստինա Քիշներն ու Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետը, և դառնալ իր երկրում կին նախագահ:











































