«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, լինելով վառ արտահայտված լիբերալ քաղաքական ուժ, չէր կարող չքննարկել գալիք նախագահական ընտրություններում կին թեկնածուի առաջադրման հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին խոսակցություններին:
Նա նշեց, որ Հայաստանում կանայք իրենց իրավունքները տարբեր ոլորտներում հաստատել են բոլոր պարամետրերով, ուստի նախագահական ընտրություններում կին թեկնածուի առաջադրման հարցը ևս արժանի է , որ քննարկվի: Բանախոսի հավաստիացմամբ, այդ հարցը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում դեռ քննարկման փուլում է, որևէ որոշում դեռևս չկա:
Համատեղ ասուլիսի ընթացքում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը խիստ դրական վերաբերմունք արտահայտեց Անուշ Սեդրակյանի թեկնածության առնչությամբ: Նա նշեց՝ եթե դեմոկրատներ են, այն էլ՝ ազատ, ուրեմն պետք է լիներ այդպիսի նախաձեռնություն հենց նրանց կողմից:
«Կանայք ոչ միայն այսօր, այլև մեր պատմության ամբողջ ընթացքում բացառիկ դեր են խաղացել ոչ միայն օջախը վառ պահելու գործում, այլև ցանկացած բնագավառում։ Այն ոլորտներում, որոնք զուտ տղամարդկանց ոլորտներ են, հայ կինը միշտ աջակից է եղել, երբ դրա անհրաժեշտությունը եղել է, մարտնչել է ի պաշտպանություն այն արժեքների, որոնք համընդհանուր են հայ տեսակի համար»,- կարծիք հայտնեց Արտակ Դավթյանը: Նա հումորով նշեց, որ եթե Հանրապետականը սեփական թեկնածու չունենար, ապա, ինչու ոչ, կսատարեր Անուշ Սեդրակյանի թեկնածությանը:











































