Ընդդիմությունը շատ ուժեղ է, քան այսօր կարելի է պատկերացնել: Հինգ տարի շարունակ ընդդիմությունը, ոչ միայն ՀԱԿ-ը, շատ կազմակերպված աշխատել է, այն դեպքում, երբ ՀՀ-ում ընդդիմություն լինելը դժվար գործ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով ներքաղաքական զարգացումների շուրջ: Դիտարկմանը, թե Հայաստանում ընդդիմությունը թուլացել է, նա չհամաձայնեց՝ ասելով, որ Հայաստանում ընդդիմություն լինելը դժվար է, խնդիրները շատ են, այդ թվում՝ ֆինանսական:
Անդրադառանալով ընդդիմության միասնական թեկնածուի շուրջ խոսակցություններին՝ նա ասաց, որ միասնական թեկնածուն շատ ընդհանուր խոսակցություն է: Նա նշեց, որ այն մարդկանցից է, որ այդ գաղափարով ոգևորված չէ և կողմնակից է քաղաքական մրցակցությանը:
«Քաղաքական նախընտրական մրցակցության համար հնարավոր է՝ անհրաժեշտ լինի մի քանի թեկնածու. դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են, իսկ ես քաղտեխնոլոգ չեմ»,- նկատեց բանախոսը՝ շարունակելով, թե կցանկանար, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրեր իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում, սակայն, նրա խոսքերով, որոշումը Լևոն Տեր-Պետրոսյանինն է, ուստի հնարավոր չէ պարտադրել, որ « հարյուր մետրը լողա հինգ վայրկյանում»:
Վահագն Խաչատրյանն ասաց, որ այսօր ոչ մի քաղաքական սցենար չի կարելի չբացառել, այդ թվում՝ այն, որ Սերժ Սարգսյանը չառաջադրվի: Հարցին, թե ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացին ընտրի ՀԱԿ թեկնածուին և ՀԱԿ-ին, նա պատասխանեց, որ այն ծրագրերի համար, որոնք ՀԱԿ-ը ներկայացնում է, գաղափարների համար:








































