Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Կահիրեում երեկ տեղի ունեցած թուրք-եգիպտական գործարար ֆորումի ժամանակ, դիմելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, զգուշացրել է, որ ներկայիս իրավիճակը տարբերվում է 2008 թվականի իրավիճակից.
«Իսրայելը Գազայի վրա հարձակվեց 2008 թվականին՝ ընտրություններից առաջ, և այժմ անում է նույնը՝ վերստին ընտրություններից առաջ: Սակայն այժմ 2008 թվականը չէ: Մենք 2012 թվականում ենք, և իրավիճակը ներկայումս այլ է: Այն ժամանակ ես Իսրայելի նախագահին Դավոսում ասացի, որ Իսրայելը գիտի, թե ինչպես օգտագործել անհավասարաչափ ուժ:
Ես դիմում եմ իսրայելական վարչակազմին ու Գազային հատվածին՝ նրանք պետք է անհապաղ՝ 24 ժամվա ընթացքում, զինադադար հայտարարեն: Պաղեստինա-իսրայելական խնդրի լուծման հետ կապված է ոչ միայն տարածաշրջանի ներքին ու արտաքին քաղաքականությունը, այլև՝ տնտեսությունն ու սոցիալական կյանքը»:
Հիշեցնենք, որ 2008 թվականին Գազայի հատվածի դեմ Իսրայելի իրականացրած «Ձուլածո կապար» գործողության հետևանքով զոհվել էր 1500 և վիրավորվել էր 5000 պաղեստինցի:







































